ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ելույթը
09 հոկտեմբերի, 2018Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք դեսպաններ և անձնական ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Փոխանակումներով հարուստ այս երկու աշխատանքային օրերից հետո կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ մասնակցության և մեր քննարկումներում ունեցած նպաստի համար։
Այն առաջարկությունները, որոնք մենք պատրաստվում ենք անել պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կխթանեն մեր կազմակերպության գործունեությունը և կուրվագծեն գալիք տարիների գերակայությունները։
Առաջին հերթին ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից վավերացված տեքստերի կարևորության վրա՝ նախևառաջ Երևանի հռչակագրի նախագիծը «Ապրել միասին» կարգախոսի վերաբերյալ, ինչպես նաև ֆրանկոֆոնների «Միասին Ապրելու» կոչը:
Պետք է ընդգծել թեմայի կարևորությունն ու արդիականությունը:
Իրապես, շատ կարևոր է պոպուլիզմի և ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման, անհավասարության աճի, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային և լեզվական բազմազանության և ամրապնդելով հանդուրժողականության սկզբունքը, որը կենսական նշանակություն ունի ֆրանկոֆոն տարածության տարբեր հատվածների միջև հարաբերությունների հավասարաչափ զարգացման համար:
Ինչպես նշեցի երեկ «Ապրել միասին» մոտեցումը պետք է առաջին հերթին վերաբերի ֆրանկոֆոն տարածության ժողովուրդներին: Այսպիսով, մենք պետք է ականջալուր լինենք մեր ժողովուրդներին և հաշվի առնենք նրանց՝ ավելի արդար ու մարդասիրական հասարակությունում ապրելու ակնկալիքները։
Ցանկանում եմ անդրադառնալ դռնփակ նիստի ժամանակ բազմակողմանիության վերաբերյալ ունեցած մեր բեղմնավոր քննարկումներին:
ՖՄԿ-ի կողմից տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն, անշուշտ, ուղենշում է այն ճանապարհը, որին պետք է նախապատվություն տալ բազմակողմանիությանը նոր խթան հաղորդելու նպատակին հասնելու համար:
Անշուշտ, մեր քննարկումներում արտահայտված մոտեցումները պետք է կատարելագործվեն և արդյունավետ կիրառում գտնեն։
Անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության հայտերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ֆրանկոֆոնոյի գրավչությունը. աշխարհին բացվելու կարողությունը վերջինիս արժանիքն է։ Այդ գրավչությունը վկայում է միջազգային մակարդակում Ֆրանկոֆոնիայի զբաղեցրած առանցքային դիրքի մասին։
Այս առնչությամբ պետք է նկատի ունենանք Անդամակցության հայտերով զբաղվող Հատուկ կոմիտեի սահմանափակ խմբի կողմից արված առաջարկությունները, մասնավորապես՝ չափորոշիչների և անդամակցության պայմանների վերաբերյալ։
Ի դեպ, ինչպես առաջարկում է Սահմանափակ խումբը, մենք նույնպես համոզված ենք, որ ատյանների աշխատանքների արդիականացման ու ակտիվացման, դիտորդ պետությունների և կառավարությունների դերի և դիրքի, Ֆրանսիայում հատուկ ՖՄԿ-ի համար դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման, ոչ անդամ պետություններին հարակից կառավարությունների՝ ՖՄԿ-ին անդամակցության վերաբերյալ մտքերի փոխանակումը շարունակվելու է նաև Մոնակոյի նախարարական համաժողովին։
Ես նաև ողջունում եմ Ֆրանկոֆոնիայի ռազմավարության ընդունումը՝ ուղղված Կանանց և տղամարդկանց հավասարության, կանանց իրավունքների և անկախության խթանմանը: Այս կարևոր փաստաթղթի ընդունումը մեր կազմակերպության առաջնահերթությունների առանցքում է դնում կանանց և տղամարդկանց միջև հավասարության գաղափարը։
Հայաստանի համար մեծ պատիվ է այս ռազմավարության ընդունումը Երևանյան գագաթաժողովի շրջանակներում։ Այն առանձնակի կարևորություն ունի, քանի որ մենք գիտակցում ենք «հայկական թավշյա հեղափոխության» մեջ կանանց կարևոր դերը:
Ուրախ եմ Թվային հարցերի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի ստեղծման կապակցությամբ, ինչը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում Բենինի մեր գործընկերներին՝ թվային տնտեսության ոլորտում իրապես կարևոր այս նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Ցանկանում ենք նաև մեր երախտագիտությունը հայտնել այսօր մեր ուշադրությանը ներկայացված 2019-2022թթ. Ծրագրավորման նախագծի համար: Այդ նախագծի, ինչպես նաև 2019-2022 թթ. Բյուջեի ընդունումը, թույլ կտան քայլեր ձեռնարկել համագործակցության հաստատման ուղղությամբ՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների պետությունների և կառավարությունների:
Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ համոզված եմ՝ մեր կողմից հաստատված և Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին փոխանցվելիք տեքստերը կնպաստեն կազմակերպության ձեռքբերումների ավելացմանը:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին և ՖՄԿ-ին կատարված աշխատանքի համար:
Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի նիստը հայտարարում եմ ավարտված: