ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի ավանի բացման հանդիսավոր արարողությանը

09 հոկտեմբերի, 2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սիրելի՛ ադմինիստրատոր,

Սիրելի՛ գործընկեր մշակույթի նախարար,

Սիրելի՛ պարոն փոխքաղաքապետ,

Նորի՛ն գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սիրելի՛ բարեկամներ,

Երևանի, Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այս գեղեցիկ վայրում՝ Ազատության հրապարակում՝ միասին ազդարարելու Ֆրանոֆոնիայի ավանի բացումը:

Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով, որն այս մշակույթների իսկական խճանկարն է՝ միասնական իր բազմազանությամբ: Ես այսօր ողջունում եմ Ավանի բոլոր մասնակիցներին, ովքեր Երևան են ժամանել Ֆրանկոֆոն աշխարհի բոլոր ծայրերից:

Երևանյան 17-րդ գագաթաժողովը Ֆրանկոֆոնիայի այս գրկաբաց Ավանում իր դռներն է բացել երաժիշտների, նկարիչների, արվեստասերների և բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր տաղավարներում, ինչպես նաև այս բեմից կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, ավանդույթները, ազգային խոհանոցի տարբերվող գույները, կերպարվեստն ու թատրոնը: Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ մեր բազմաթիվ հյուրերին ընդունելու համար, որոնցից շատերն առաջին անգամ են այցելում մեզ:

Գագաթաժողովի ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ «Ապրել միասին» կարգախոսն արտահայտվում է կառավարությունների, բայց վերաբերում է ժողովուրդներին, վերաբերում է մարդկանց: Ձեր ներկայությունն այսօր ի ցույց է դնում, արտահայտում է այդ կարգախոսի, այդ գաղափարախոսության մարմնավորումը: Որքան գեղեցիկ է, որ մենք այսօր Երևանում միասին հավաքվել ենք այստեղ և կիսում ենք մեր մշակույթը, մեր արժեքները, մեր ժառանգությունը մեր բարեկամների հետ միասին: Այս տաղավարներում ներկայացված Ֆրանկոֆոնիայի բոլոր երկրների, ժողովուրդների հետ միասին: Սա է արտահայտությունն այդ բազմազանության: Որքան գեղեցիկ է այս աշխարհը, երբ մենք կարող ենք ապրել միասին, հասկանալ միմյանց, ապրել խաղաղության մեջ՝ միմյանց հարգելով, միմյանց ճանաչելով:

Ես իմ երախտիքն եմ հայտնում Ավանի բոլոր մասնակիցներին, ովքեր առանց վարանելու անցել են երկար ճանապարհ, որպեսզի այսօր մեր խճանկարը լինի իսկապես ամբողջական, որպեսզի ոչ մի մասնիկ չպակասի:

Ֆրանկոֆոնիայի ավանն այց վեց օրվա ընթացքում տեղի ունենալիք մարդկային շփումները և մշակութային փոխանակումները մեծապես նպաստելու են Երևանում ֆրանսախոս հանրության փոխհարստացմանը: Այսօր մենք տոնում ենք նաև Ֆրանկոֆոնիայի երիտասարդության օրը: Մեր գիտելիքը, մեր փորձառությունը և արժեքները օր-օրի փայփայելու և սերնդե-սերունդ փոխանցելու միջոցով է, որ մենք կարող ենք մեր հասարակությունները առավել հանդուրժող և գիտակից դարձնել:

«Ապրել միասին»-ն այն կարգախոսն է, որ Հայաստանն ընտրել է՝ որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կարգախոս: Ցանկանում եմ իմ ի խորոց սրտի մաղթել, որ այս կարգախոսը մեզ ուղեկից լինի ոչ միայն Գագաթաժողովի և այս ավանի օրերին, այլ մշտապես առաջնորդի մեր ժողովրդին դեպի բարեկամություն և ներդաշնակության մեջ ապրելու երջանկություն մի աշխարհում՝ զերծ հակամարտություններից և պատերազմից, և, համապատասխանաբար, լի տնտեսական զարգացմամբ, մշակութային և փոխադարձ հարգանքով:

Ուստի, սիրելի՛ բարեկամներ, եկե՛ք այս լույսը միշտ վառ պահենք:

 

Տպել էջը