Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին
27 նոյեմբերի, 2018Ջերմորեն ողջունում եմ Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին:
Առանձնակի հաճելի է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Հայաստանում հյուրընկալել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 25-րդ հոբելյանական տարում: 25 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան ի կատար ածել «իրենց ժողովուրդների հույսերն ու սպասելիքները՝ … հանուն բազմակարծիք ժողովրդավարության, որը հիմնված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, տնտեսական ազատականության և սոցիալական արդարության միջոցով բարգավաճման վրա»: Նրանք հաստատեցին «իրենց վճռականությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորություններն ու կարողությունները մեր երկրների միջև բազմաթիվ ոլորտներում և տարբեր մակարդակներում համագործակցությունն ընդլայնելու և բազմապատկելու համար»:
Այս հանձնառություններն ակնհայտորեն ուղղված են ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի նպատակները կյանքի կոչելուն և այսօր էլ մնում են արդիական, մինչդեռ այդ նպատակներով առաջնորդվելու պակասը համագործակցությանը խոչնդոտող հիմնական գործոններից մեկն է:
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի ժողովուրդը հզոր և լսելի ձայնով հաստատեց իր վճռականությունն՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների երաշխավորումը: Իր արտաքին քաղաքականությունում Հայաստանը վերահաստատել է բարիդրացական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից մեր երկիրը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և մեր կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ:
ՍԾՏՀ կանոնադրության ստորագրման 20-րդ ամյակը մեզ ազդարարում է կազմակերպության տեսլականին և նպատակներին հասնելու համար համատեղ ջանքերի գործադրման առանձնահատուկ կարևորությունը: ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը, ինչպես ամրագրված է կառույցի հիմնադիր փաստաթղթերում, որպես ՍԾՏՀ միջխորհրդարանական խորհրդատվական կառույց, պետք է «աջակցի և նպաստի ՍԾՏՀ սկզբունքների և նպատակների իրականացմանը»: Մեր համոզմունքն է, որ այս նպատակը պետք է շարունակի ուղղորդել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի ապագա ջանքերն ապաքաղաքականացված, կառուցողական և ներառական կերպով՝ հիմնված իրավահավասար ինքնիշխանության սկզբունքի վրա:
Տարածաշրջանային համագործակցությունը կարող է նշանակալիորեն շահել խորհրդարանական ձևաչափով համագործակցության ներդրմամբ՝ հատկապես օրենսդրական լավագույն փորձի փոխանակման, ազգային իրավունքի և օրենսդրությունների ներդաշնակեցման միջոցով՝ հանուն առանձին ոլորտներում հռչակված նպատակներին հասնելու և չափելի արդյունք գրանցելու:
ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի և, ընդհանուր առմամբ, ՍԾՏՀ գործունեությունը պետք է ներդաշնակեցվեն համապատասխան միջազգային օրակարգին՝ հատկապես ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հետ: Այս համատեքստում Հայաստանը կողմնակից է նմանօրինակ տնտեսական գործընկերությամբ շահագրգռված միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային այլ դերակատարների հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը, ինչը հնարավորություն կտա համադրել ու փոխլրացնել գործողությունները, ինչպես նաև խուսափել կրկնողություններից:
Որպես ամփոփում, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին Հայաստանում, շնորհավորել բոլորին ՍԾՏՀ ԽՎ հիմնադրման 25-րդ և ՍԾՏՀ կանոնդարության կնքման 20-րդ ամյակների կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և հաճելի ժամանակ Հայաստանում: