ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի համար հայտարարությունը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով

04 հունիսի, 2019

Շատ շնորհակալ եմ, հարգելի Նիկոս և Յորգոս:

Ցանկանում եմ նշել, թե որքան ոգևորված ենք Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ համագործակցության այս շատ կարևոր և խոստումնալից հարթակի մեկնարկի կապակցությամբ: Նիկոս, շնորհակալ եմ այս եռակողմ ձևաչափի շրջանակներում մեր համատեղ գործունեության համար նախանշված նպատակների համապարփակ ամփոփման համար: Ես լիովին աջակցում եմ արդեն իսկ ներկայացված դրույթներին, ուստի իրապես շատ քիչ բան է մնում ավելացնելու: Ցանկանում եմ ընդգծել, որ սա շատ կարևոր հարթակ է մեր երեք երկրների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամությունն ամրապնդելու տեսանկյունից:

Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է, որը մենք՝ որպես ինքնիշխան պետություններ, որպես ազգ-պետություններ պետք է վերածենք գործնական համագործակցության՝ ի շահ մեր ազգերի և ժողովուրդների: Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ սա մի համագործակցություն է, որի նպատակը մեզ և մեր տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և համագործակցության հաստատումն է: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, Նիկոս, հյուրընկալության համար, շնորհակալ եմ այսօր ունեցած մեր արդյունավետ հանդիպումների համար, և մենք շարունակում ենք մեր քննարկումները: Շատ շնորհակալ եմ, Յորգոս:

Ես կարծում եմ, որ մենք արդեն ուրվագծել ենք մեր հետագա քայլերն այս եռակողմ ձևաչափում, որը կներգրավի մեծաթիվ գործընկերների և այլ շահառուների, որոնք մեր համագործակցության անմիջական մասնակից են: Անհամբեր սպասում եմ հաջորդ փուլերին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար:

Շատ ուրախ եմ հայտնել այս հարթակի շարունակականության և այս հարթակում մասնակիցներ ներգրավելու մտադրության մասին։ Ուրախ եմ այսօր հայտարարել, որ քննարկվել և արդեն իսկ ուրվագծվել է այս եռակողմ ձևաչափում գագաթաժողովի՝ ղեկավարների միջև հանդիպման անցկացումը։ Մենք ուրախ կլինենք ղեկավարների եռակողմ հանդիպումը` եռակողմ գագաթաժողովը, հյուրընկալելու Հայաստանում, որը տեղի կունենա մոտ ապագայում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետում։

Կարծում եմ՝ ի ցույց կդնենք, որ շատ կարևոր, շատ ներգրավվող եռակողմ ձևաչափ է, և մեր առաջնորդներն իրենց շատ կարևոր ներդրումը կունենան այս հարթակի ամրապնդման գործում։ Մենք Հայաստանում անհամբեր սպասում ենք հյուրընկալելու մեր գործընկերներին, ընկերներին, եղբայրներին՝ Կիպրոսի և Հունաստանի ղեկավարներին։ Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան։

Շնորհակալություն։

 

Տպել էջը