ՀՀ ԱԳ նախարարի խոսքը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

25 սեպտեմբերի, 2019

Ձերդ գերազանցություններ, 
Տիկնայք և պարոնայք, 
Հարգելի ընկերներ, 

Իրապես շնորհակալություն այս հիանալի հնարավորության համար՝ կրկին հավաքվելու Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը նաև կարևոր խթան է՝ շարունակելու զարգացնել և «միս ու արյուն» հաղորդել այս ֆորումին: Ես մեծապես աջակցում եմ այն մոտեցմանը, որ պետք է ձեռնարկենք առավել գործնական քայլեր, ամրապնդենք մեր հավաքական գործունեությունը` որպես հնագույն քաղաքակրթությունների ֆորում։ Մեր անդամակցությունն այս ֆորումին բնական ընտրություն է՝ պայմանավորված մեր ազգի պատմությանբ, քաղաքակրթական արժեքներով, որոնք մենք կուտակել ենք անցյալից ներկա կատարած մեր ճանապարհին և որոնցով  անխուսափելիորեն հարստացնում ենք համաշխարհային պատմությունը: 

Հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունն այս տիրույթին մեր պատկանելիության  վկայությունն է: Այս հարթակը նոր խթան է հանդիսանում մեր պատմական և մշակութային ժառանգության խթանման, բազմազանության նկատմամբ հարգանքի, մշակույթների և ժողովուրդների միջև հանդուրժողականության համար, արժեքների, որոնք ընկած են մեր քաղաքակրթությունների և հետևաբար այս ֆորումի հիմքում:  

Սա հիանալի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հպարտ լինել իր քաղաքակրթությամբ՝ առանց այլոց զգացմունքերը վիրավորելու: Մյուս կողմից, ֆորումը նոր հարթակ է, որը շատ ակտիվորեն գործում է: Մենք արդեն երկու նախարարական հանդիպում և երկու ակադեմիական ֆորում ենք անցկացրել, որն, ըստ էության, բավական գործնական հարթակ է՝ գաղափարները զարգացնելու և ֆորումի տեսլականը, գործառույթները և արդյունավետությունն ընդլայնելու ու հարստացնելու համար:  

2017թ. Աթենքի և 2018թ. Տիվանակուի հռչակագրերը սահմանեցին մեր՝ մասնակից պետություններիս միջև համագործակցության շրջանակներն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքը և կանխարգելումը, դեպի ծագման երկիր դրանց վերադարձին նպաստելը:

Մենք պետք է համակարգված աշխատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան կառույցների հետ մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրների շուրջ: Կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մշտական պատվիրակությունների միջև պարբերական խորհրդատվությունները կարող են ծառայել այս նպատակին: Այսօր հրատապ խնդիր է արդյունավետ դարձնելու միջազգային հանրության ջանքերը մշակութային ժառանգության պաշտպանության համար. մշակութային սեփականանությանը հասցված ցանկացած վնաս՝ անկախ նրանից, թե որ ժողովրդին է դա պատկանում, վնաս է ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ բոլոր ժողովուրդները ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի մեջ: 

Հայաստանը, որպես բազմադարյա հարուստ մշակույթի կրող, իրեն պարտավորված է զգում իմ ներդրումն ունենալ այս համամարդկային ջանքերում: Կարծում եմ՝ նշված համատեքստում այս ֆորումը կարող է շատ արդյունավետ դեր խաղալ համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում: Մեր համատեղ պատասխանատվությունն է՝ հաստատել արդյունավետ ձևաչափ մեր քաղաքակրթությունների առաջմղման, մեր պատմական մշակույթի, նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման և պաշտպանության համար՝ դառնալով իրական երկխոսության հարթակ: Այդ նպատակին հասնելու գործում կարևոր դեր ունի խաղալու  այստեղ ձևավորված Ակադեմիական ֆորումը: 

2019 թվականի մարտին մենք ակադեմիական փորձագետներ ենք ուղարկել Լա Պաս, Բոլիվիա, որոնք վերադարձան շատ ոգևորված ու այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու հաստատակամությամբ: Ես փորձագիտական շրջանակների միջև համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ եմ  տեսնում, իսկ այս ֆորումը կարող է նպաստել մեր ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համագործակցությանը և հատուկ ոլորտների զարգացմանը: Այսպիսով, մենք աջակցում ենք ակադեմիական ֆորումի պահպանմանը՝ որպես այս հաստատության կարևոր հարթակ:

Հավատացած ենք, որ այս հարթակը պետք է լրացնի այն բացը, որը չի լրացվել այլոց կողմից: Մենք նաև կիսում ենք այն տեսակետը, որ այս հարթակը բաց պետք է լինի նոր անդամ պետությունների համար: Այն միայն կհարստացնի և կամրապնդի այս ֆորումը: Միաժամանակ, կարծում ենք, որ պետք է մշակվեն և ընդունվեն հստակ չափանիշներ: Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով ներգրավվելու նման չափանիշների և ֆորումի արդյունավետ ու վստահելի աշխատանքի համար ընթացակարգերի մշակմանը: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ անդամակցություն հայցող պետության քաղաքակրթությունն ունենա ապացուցված շարունակական պատմություն, որ այն հարգի ոչ միայն իր, այլև հարևան երկրների պատմությունը՝ ներառյալ ակադեմիական հետազոտության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Կոնսենսուսի հիման վրա աշխատելը մեր այս ֆորումի աշխատանքի առանցքային մեթոդն է:

Բովանդակային առումով, մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներգրավենք ժամանակակից տեխնոլոգիաները և նորարարությունը՝ որպես կարևոր և արդյունավետ գործիք, մեր հին քաղաքակրթությունների ու մշակույթների խթանման համար։

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ մենք մեծապես ողջունում ենք այս հանդիպման արդյունքում ընդունված համատեղ փաստաթուղթը և անհամբեր սպասում առաջիկա նախարարական ֆորումին, որը մեծահոգաբար կհյուրընկալվի Չինաստանի կողմից՝ Պեկինում: 

Շնորհակալություն:

Տպել էջը