Երևանում բացվեց Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը
24 փետրվարի, 2020Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նստավայր դեսպանության բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:
Դեսպանության բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լայչակը, որին հետևեց բացման պաշտոնական արարողությունը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, նշեց. «Հարգելի Միրոսլավ, չափազանց ուրախ եմ գտնվել այստեղ` Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացման արարողությանը: Հայաստանում դիվանագիտական համայնքը ընդլայնվում է, ինչը շատ ոգևորիչ է, և վստահ եմ, որ Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նույնպես կգտնի Հայաստանում, Երևանում լինելու բերկրանքը: Նստավայր դեսպանության բացումը արտահայտում է նաև երկկողմ բարեկամության խորը կապերը և զարգացող հարաբերությունները:
1993թ․ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր հարաբերություններն աչքի են ընկել զարգացման դինամիկայով: Սա բնավ Ձեր առաջին այցը չի Հայաստան, և մեր համատեղ փոխգործակցությունը, համատեղ աշխատանքը եղել են շատ ակտիվ: Մենք ունենք երկկողմ շատ հետաքրքիր և շատ խոստումնալից օրակարգ: Մենք ունենք համագործակցության տարբեր մակարդակներ՝ լինի կառավարական, խորհրդարանական, ապակենտրոնացված կամ այլ մակարդակներում: Առկա են մեր տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորություններ, և այդ վստահությունն ընդգծվում է գոյություն ունեցող բազմաթիվ ամուր հիմքերով:
Ես միանգամայն վստահ եմ, որ Երևանում Սլովակիայի դեսպանությունը շատ զբաղված է լինելու, քանի որ դեսպանատան հիմնումով Հայաստանի և Սլովակիայի միջև առկա շատ համապարփակ օրակարգը նոր զարգացում է ստանալու: Ուստի, բարի գալուստ Երևան: Շնորհակալ ենք Երևանում դեսպանություն բացելու համար, այս քաղաքը շատ հյուրընկալ և հյուրասեր է: Համոզված եմ, որ դեռ շատ առիթներ կունենաք Երևան այցելելու և մեր լավ, կարևոր օրակարգը զարգացնելու համար: Շնորհակալություն և բարի գալուստ»: