ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին
12 մայիսի, 2020Հարգելի գործընկերներ,
Նախ և առաջ, անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ և ևս մեկ անգամ ցանկանում շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում:
Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան:
Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ:
Հարգելի՛ Աբդուլազիզ Հաֆիզի,
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս նիստն անցկացնելու նախաձեռնության համար, որն, ըստ էության, ԱՊՀ կանոնադրական մարմնի՝ կառույցում նպատակաուղղվածությամբ և հագեցվածությամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումն է:
Համավարակն, իրապես, առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության համատեքստում:
Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն՝ առողջացած, և ցավոք, 47-ը՝ մահվան ելքով:
Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թույլատրված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները՝ պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ:
Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով:
Վերադառնալով այսօրվա նիստի թեմային:
Համաձայնեցված հարցերի շուրջ առարկություններ չունենք և մենք պատրաստ ենք աջակցել դրանց։ Միաժամանակ, կցանկանայի առանձին մի քանի խոսք ասել։ Առաջարկված հարցերի ցանկը, տեսականորեն, կարելի է բաժանել երկու խմբի:
Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նվազ չափով: Դրանց թիվն է դասվում, մեր կարծիքով, «Մշակութային մայրաքաղաքը» շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրավունքը 2022թ․ կփոխանցվի ղրղզական Կարակոլ քաղաքին։ Այդ շարքին են դասվում նաև այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետությունների ձևաչափով կկարգավորեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար ականազերծումը, համատեղ (միացյալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) համար ուղարկվող սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառման համար այդ թվում հայաստանյան կողմից առաջարկվող ստորաբաժանումների կազմավորումների ցանկի արդիականացումը։
Դրանք միջպետական փոխգործակցության կարևոր ուղղություն և կարևոր փաստաթղթեր են։
Ի դեպ, գրեթե երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տվյալ ուղղությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերի ծավալի վերլուծությունից երևում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպության, այլև՝ հինգ կամ վեց պետություններ միավորող առավել խորացված ձևաչափերում գործնականում հաստատել են տվյալ ոլորտներում առավել սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը։
Ավելին, վերոնշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքը առավել հեռու է գնացել, և գուցե իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կետրոնացման անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնհայտորեն ստիպված կլինենք հաշվի առնել համավարակի գործոնը:
Դրանք են միջազգային երիտասարդական համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, զբոսաշրջության, ցանցային համալսարանի և մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումներին առնչվող համագործակցային ռազմավարությունները:
Սկզբունքորեն, այս փաստաթղթերը մշակվել են նախկինում ընդունված նմանատիպ որոշումների շարունակականության ապահովմանը համահունչ և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս ստիպված կլինենք ավելի ինտենսիվորեն գործարկել փոխգործակցության հեռահար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործոնը կարտացոլվի և հաշվի կառնվի ԱՊՀ ճյուղային համագործակցության համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկետ ծրագրերի մշակման ընթացքում:
Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա, և հաշվի առնելով նոր իրողություններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում։
Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։
Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:
Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Աբդուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնության և այսօրվա մեր նիստն անցկացնելու հնարավորության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Սերգեյ Լեբեդևին շատ արդյունավետ աշխատանքի և այս ողջ ժամանակահատվածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապես բարձր եմ գնահատում դա:
Շնորհակալություն: