ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

20 հունիսի, 2020

Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը

Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում

Աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ հիշարժան դիտարկում է արել. «Այն ամենը, ինչը կատարվում է փախստականների հետ, շատ խորն ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատկերացնում եմ իմ ծնողներին այդ իրավիճակում, երբ նրանք լքեցին իրենց տունը և եկան Ֆրանսիա։ Ահա թե ինչու ես միշտ կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք

Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը մարդածին կամ բնածին աղետների բոլոր տուժածներին, պատվում ենք նրանց խիզախությունն ու տոկունությունը, աջակցում նրանց հույսին։ Մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության ձեռքն են մեկնում փախստականներին՝ ընդունելով իրենց համայնքներում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը 1951 Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային

Հայաստանը հյուրընկալում է նշանակալի մեծ թվով փախստականների և ապահովում նրանց հասանելիությունը այն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներին, որոնցից օգտվում են իր քաղաքացիները: Աշխարհում կան բազմաթիվ շարունակվող հակամարտություններ, որոնք գլոբալ հարկադիր տեղահանումների աճի հիմնական պատճառ են: Սիրիայում հակամարտության արդյունքում մոտ 22.000 տեղահանված անձ ապաստան է գտել Հայաստանում։ Տեղահանության այս նոր ալիքը համալրում է այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, որոնց Հայաստանն արդեն առերեսվել էր Ադրբեջանից հարյուր հազարավոր և ոչ այդքան վաղ անցյալում Իրաքից հազարավոր տեղահանված փախստականներին ընդունելու և ինտեգրելու գործընթացում։ Գլոբալ անապահովությունը, տարբեր, ներառյալ հարևան տարածաշրջաններում անկայունությունը, չլուծված հակամարտությունները հանդիսանում են հիմնական մտահոգության առիթը՝ ներառյալ փախստականների խորացող խնդիրների համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ցանկանում եմ ընդգծել երկու կարևոր կետ։ Առաջինը վերաբերում է միջազգային համերաշխության սկզբունքին, որը ամրագրված է նաև 1951թ.-ի՝ Փախստականների մասին կոնվենցիայի նախաբանում՝ վերստին հիշեցնելով, որ ապաստարանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել որոշակի երկրների համար, և որ այս խնդրի լուծումը չի կարող հաջողությամբ պսակվել առանց միջազգային համագործակցության։ 

Այս առնչությամբ կարևոր է ամրապնդել մեր հանձնառությունն արդյունավետ բազմակողմանիությանը և մեր համաշխարհային ամուր աջակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին: ՄԱՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի կայուն գործընկերն է, ինչն արժանի է բարձր գնահատանքի և հարգանքի: Գերագույն հանձնակատարի ղեկավարույամբ գրասենյակն այս տարիների ընթացքում սահմանել է Հայաստանում օգնության և համագործակցության ամուր նշաձող՝ հասցեագրելու փախստականների և տեղահանվածների ծանր կացությունը: Այս համագործակցությունը շարունակվելու է: Մարդասիրական մարտահրավերների և, մասնավորապես, փախստականների ծանր կացության հարցերի արդյունավետորեն հասցեագրմանն ուղղված միջազգային համագործակցությունը չպետք է ունենա սահմաններ և պետք է լինի իսկապես ընդգրկուն: ՄԱՓԳՀ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված գրասենյակները, պետք է անխափան մուտք ունենան Արցախ, որպեսզի իրագործվի հանձնառությունը, որ որևէ մեկը չպետք է անտեսվի: 

Երկրորդ, կոնվենցիայի համաձայն՝ հումանիտար ճգնաժամերի և փախստականների տառապանքների քաղաքականացման բացառումը շարունակում է մնալ հրամայական: Որևէ պարագայում չպետք է հանդուրժենք փախստականների և տեղահանված անձանց  հարցերի վերածումը քաղաքական նպատակներին ծառայող գործիքի, ինչպիսին էլ որ  լինեն այդ նպատակները: Երկարաժամկետ լուծումները պետք է ձևակերպվեն որպես խիստ հումանիտար խնդիրներ և մնան որպես այդպիսին: Այս ուղերձը հատկապես կարևոր է այսօր, երբ աշխարհը առերեսվում է COVID-19 համավարակին։ 

Հայաստանի կառավարությունը մեծապես գիտակցում է փախստականների և տեղահանված անձանց արժեքն ու ներուժը, նրանց ինտեգրման ուժը և ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականները ի ցույց են դրել ինքնավստահության և առաջընթացի բացառիկ կարողություններ։ Որպես ներկա մարտահրավերներին առնչվող մեկ օրինակ՝ մեր հայրենակցիները՝ սիրիահայ կանայք, արտադրում են դիմակներ և օգնում Կառավարությանը պայքարել COVID-19 դեմ։ 

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային պայմանագրին։ Առանձնահատուկ կարևորելով ներառականությունը, խնդիրների բազմաշերտ շրջանակը, մարդասիրական ոլորտում համագործակցային քայլերի ճկունությունը և որևէ մեկին չանտեսելու աներեր վճռականությունը՝ պայմանագիրը հանդիսանում է գլոբալ համագործակցության արժեքավոր և խիստ արդիական հիմք։

Մոտ մեկ դար առաջ դանիացի միսիոներ Կարեն Եպպեն իրականացնում էր Ազգերի Լիգայի օրակարգում Հայոց ցեղասպանությունը վերապրած փախստականներին տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արշավ։ Ոմանք կարծում էին, որ դրա օգուտը շատ քիչ էր։ Կարեն Եպպեն շատ կարճ, այնուամենայնիվ, շատ համոզիչ պատասխան տվեց։ Նա ասաց. «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է»։ 

Շնորհակալություն։

Տպել էջը