ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովի բացման նիստում
23 հունիսի, 2020Պարոն նախագահող,
Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Կցանկանայի շնորհակալություն հայտնել հիմնական բանախոսներին` իրենց մտորելու առիթ տվող ելույթների համար։ Մշտապես կարևոր է առանցքային մարտահրավերների բացահայտումը՝ դրանք բովանդակային երկխոսության հնարավորությունների վերածելու տեսանկյունից։
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել ալբանական նախագահությանը՝ մեր քննարկումների համար «Երկխոսության միջոցով կայունության կառուցում» շատ արդիական թեման ընտրելու համար։ Այն չափազանց կարևոր նշանակություն ունի հատկապես անորոշության և անկանխատեսելիության այս ժամանակաշրջանում, որին մենք առնչվում ենք համաշխարհային քաղաքական դաշտում: Երկխոսությունը, համագործակցությունն ու բազմակողմ դիվանագիտությունը դեպի անվտանգ ապագա տանող միակ ճանապարհն են: Վերջինս ենթադրում է ամրապնդել բազմակողմ ինստիտուտների կարողությունները՝ մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով։ Իրական երկխոսության բացակայությունը խարխլում է կողմերի միջև վստահությունը՝ վտանգելով կազմակերպության հիմք հանդիսացող համապարփակ և անբաժանելի անվտանգության հայեցակարգը։ Այն պահանջում է համատեղ և վճռական գործողություններ` վերականգնելու վստահությունը և դիմացկունությունը, որոնք անհրաժեշտ են մեր առջև ծառացած մարտահրավերները հասցեագրելու նպատակով՝ սկսած COVID-19 համաճարակի դեմ պայքարից մինչև սպառազինությունների վերահսկում: Գիտակցելով տարբեր հայացքների և մոտեցումների առկայությունը՝ մենք ակնկալում ենք հետաքրքիր և թիրախային ուղղվածություն ունեցող քննարկում, որտեղ կկենտրոնանք մեր ընդհանուր հանձնառությունների և առաջ շարժվելու գաղափարի վրա։
Պարոն նախագահող,
Այս տարի մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 45-ամյակը: 1975թ.-ին 35 պետություն ընդունեցին մի շարք սկզբունքներ, այսպես կոչված «դեկալոգը», որը պետք է ծառայեր՝ որպես ԵԱՀԿ տարածաշրջանում միջպետական հարաբերությունների ուղենիշ։ Այդ ժամանակից ի վեր ԵԱՀԿ ընտանիքը զգալիորեն աճել է: Դա հնարավոր դարձավ նախ և առաջ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կիրառման միջոցով:
Այնուամենայնիվ, վերջերս մենք ականատես ենք լինում ինքնորոշման սկզբունքի նշանակությունը նվազեցնելու, սկզբունքների շարքում արհեստական հիերարխիա ստեղծելու շարունակական փորձերին: Սա մտահոգիչ նշան է, քանի որ մենք հավատացած ենք, որ այսօրվա ԵԱՀԿ-ի հիմնադիր պետությունների նպատակն էր ստեղծել համապարփակ կառույց, որը կխրախուսի իր մասնակիցների վստահությունը՝ այդպիսով նվազեցնելով լարվածության, ճգնաժամերի և հակամարտությունների հավանականությունը: Անհրաժեշտ է նաև հիշել, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները բխում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներից և սկզբունքներից, և դրանց ցանկացած մեկնաբանություն պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի և նրա մարմինների համապատասխան փաստաթղթերի և որոշումների վրա:
Թույլ տվեք նաև ընդծել, որ ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին հանձնառության վերահաստատումն առանց ընտրովի մոտեցման և արհեստական հիերարխիայի կծառայի համընդհանուր և անբաժանելի անվտանգության ապահովման նպատակին:
Պարոն նախագահող,
Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորման գործում։ Բովանդակալից երկխոսության մեջ ներգրավվելու պատրաստակամության բացակայությունը հանգեցնում է վստահության մթնոլորտի խարխլմանը և նպաստում հակամարտությունների ձգձգմանը, ինչը տեղի է ունենում ԵԱՀԿ տարածաշրջանում։ Ավելին, որոշ մասնակից պետություններ նույնիսկ դիմում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը՝ ապակայունացնելով իրավիճակը և խորացնելով պառակտումն ու անվստահությունը։
Դա իր հերթին մարտահրավեր է նետում համապարփակ և անբաժանելի անվտանգության գաղափարին։ Տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն այն հանձնառություններից է, որը բոլոր մասնակից պետությունները ստանձնել են՝ ԵԱՀԿ-ին միանալով։ Քաղաքական կամքի և հակամարտության խաղաղ հանգուցալուծման իրական հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է։
Հայաստանը և Արցախի Հանրապետությունը հավատարիմ են 1994թ. հրադադարի անժամկետ եռակողմ համաձայնագրի տառին և ոգուն։ Մենք բացառում ենք ուժի կիրառումը և աշխատում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ։ Վերջերս հակամարտության երեք կողմերի միջև լրագրողների փոխանակման ծրագիրը վստահության մթնոլորտի ստեղծման լավ օրինակ է՝ փոքր քայլ, որը կարող է լարվածության նվազեցման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման համար հնարավորություններ ստեղծել։ Այդուհանդերձ, հակամարտության կողմերից մեկի՝ պետական մակարդակով կրկնվող ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջները, պատմական վերանայումները հակամարտության կարգավորման հնարավորությունն ավելի են հեռացնում։ Նման դիրքորոշումը, անկասկած, չի նպաստում հակամարտության կողմերի միջև այդքան անհրաժեշտ երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանը, հանուն որի ԵԱՀԿ-ն գործում է:
Պարոն նախագահող,
Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ գլոբալ զինադադար հաստատելու կոչին՝ ի աջակցություն COVID-19-ի դեմ միասնական պայքարի: Մենք ողջունեցինք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է իրավիճակի լարվածություն առաջացնել հակամարտության գոտում` հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված մոնիթորինգային գործողությունների իրականացման սահմանափակումները: Դժբախտաբար, մենք պետք է փաստենք, որ ո֜չ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, ո֜չ էլ համանախագահների հայտարարությունը բավարար հիմք չհանդիսացան մեր տարածաշրջանի մի պետության համար՝ դրսևորելու պատասխանատու վարքագիծ, և մենք շարունակում ենք ականատես լինել հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ:
Ավելին, Վիեննայի փաստաթղթի դրույթների բացահայտ խախտմամբ անցկացվեցին լայնածավալ զորավարժություններ՝ ավելի սրելով առանց այն էլ փխրուն իրավիճակը: Այս ամենը հանգեցնում է այն եզրակացության, որ մշտադիտարկման գործողությունները պետք է չկասեցվեն, այլ ամրապնդվեն ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին է COVID-19 համաճարակը:
Պարոն նախագահող,
Կցանկանայի ավարտել իմ խոսքը՝ շեշտելով, որ մենք բոլորս հանձնառու ենք ամրապնդելու անվտանգությունը ու խաղաղությունը ԵԱՀԿ տարածաշրջանում: Հայաստանը հավատարիմ է մնում ռազմաքաղաքական հարթության շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորություններին և հանձնառություններին: Մենք շարունակելու ենք մեր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայունության և վստահության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերում:
Շնորհակալ եմ, պարոն նախագահող: