Արտակ Ապիտոնյանի տեսաուղերձը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում
14 հուլիսի, 2020Ուրախ եմ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում տեսաուղերձով հանդես գալու համար։
Հուլիսի 10-ին, Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։ Ֆորումի այս տարվա խորագիրը՝ «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը», հավանաբար լավագույն կերպով նկարագրում է Հայաստանի վերջին տարիների գործունեությունը՝ մեր առաջին Ազգային կամավոր զեկույցից և 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափությունից ի վեր։
Ունենալով լայն ժողովրդական մանդատ՝ Հայաստանի կառավարությունն իրականացնում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր՝ ուղղված մրցունակ ու ներառական հասարակության կառուցմանը` օգտվելով տեխնոլոգիական, արդյունաբերական և բնապահպանական բարձր չափանիշներից։ Բարեփոխումները ներառում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ կենտրոնանալով հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային կառավարման արդյունավերության, տնտեսական և սոցիալական զարգացման վրա։
ՀՀ կառավարությունը այժմ մշակում է «Հայաստանի փոխակերպման ռազմավարություն 2050» փաստաթուղթը, որը ներառում է 16 մեգանպատակներ։ Կառավարությունը նպատակ ունի ներդաշնակեցնելու ԿԶՆ-երը Հայաստանի ազգային առաջնահերթությունների և բարեփոխումների օրակարգի հետ՝ դրանք ներառելով ազգային ռազմավարություններում ինստիտուցիոնալացված և ներառական մոտեցմամբ:
Մենք խորապես հավատացած ենք, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար։ Մարդու իրավունքները համընդհանուր են ամբողջ աշխարհում յուրաքանչյուր անհատի համար՝ անկախ աշխարհագրությունից և կարգավիճակից։ Մարդու իրավունքների խորհրդում անդամակցության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների շարքում են մարդու բոլոր իրավունքների և ազատությունների խթանումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։
Որպես ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի անդամ և ներկայիս նախագահող՝ Հայաստանը վճռականորեն սատարում է գենդերային հավասարության, կանանց առաջխաղացման, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարին ուղղված համընդհանուր ջանքերը։ Ի նշան տվյալ բնագավառում մեր հանձնառության և առաջընթացի՝ վերջերս Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։
Ներկայումս մարդկությունն առերեսվում է վերջին տասնամյակների լրջագույն մարտահրավերներից մեկի՝ Covid-19 համավարակի հետ։ Մարդկային բազմաթիվ կորուստներից և տառապանքներից զատ կորոնավիրուսը մեր հասարակություններին մղել է անորոշության և անհանգստության՝ խոչընդոտելով կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ առաջընթացը։
Հարկ է վերահաստատել, որ միայն միջազգային համերաշխության, արդյունավետ բազմակողմանիության վերահաստատման և համակարգման միջոցով արձագանքման ռազմավարությունը կարող է արդյունավետ լինել և դուրս հանել մեր հասարակություններին այս աղետից: Մենք պետք է կրկին ակտիվացնենք բազմակողմ հաստատությունները, ներառյալ՝ համաշխարհային առողջապահական համակարգը, վերականգնենք դրանց վստահությունը՝ այս և այլ մարտահրավերի կանխարգելման և հաղթահարման հարցում պատրաստվածությունը բարելավելու նպատակով։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել «ՄԱԿ-ի՝ COVID-19 արձագանքման և վերականգնման բազմակողմանի վստահության հիմնադրամի» և այլ միջազգային նախաձեռնությունների կարևորությունը, որոնք ուղղված են համավարակի առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման գործում փոքր, զարգացող երկրներին աջակցելուն։
«Չանտեսելով ոչ մեկին» մեր հավաքական խոստման ոգով՝ մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր առողջաապական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը գլոբալ գերակայություն է, և ոչ ոք, այդ թվում և նրանք, ովքեր ապրում են հակամարտության գոտիներում, չպետք է մերժված կամ սահմանափակված լինեն դեղամիջոցների հասանելիության տեսանկյունից՝ համավարակի նեգատիվ ազդեցությունը մեղմելու համար:
Նմանապես, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային հանրային բարիք են և պետք է հասանելի և մատչելի լինեն բոլոր՝ հատկապես խոցելի երկրների համար:
Գիտակցելով, որ առանց խաղաղության զարգացում չի կարող լինել՝ Հայաստանը հայտնում է իր անվերապահ աջակցությունը համաշխարհային հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ COVID-19 համավարակի վերաբերյալ 2532 բանաձևի ընդունումը` պահանջելով «բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում»:
Մյուս կողմից, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, մենք լիովին գիտակցում ենք, որ միայն միջազգային համագործակցության, համակարգման և ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր ապահովել համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրում և կայուն զարգացում:
ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների Վիեննայի 2014-2024 գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմանը, հատկապես տնտեսական աճի արագացման, առևտրի մասնաբաժնի մեծացման և տարածաշրջանային համագործակցության խթանման տեսանկյունից:
Մենք՝ որպես միջազգային հանրություն, պետք է ձեռնարկենք արագ և վճռական գործողություններ տնտեսական և շրջակա միջավայրի կայունության ամրապնդան ուղղությամբ, որպեսզի կարողանանք դիմակայել գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ կլիմայի փոփոխությանը, անհավասարության աճին, ծայրահեղ աղքատությանը, սննդային անվտանգությանն առնչվող խնդիրներին և թերսնմանը և այլն:
Շնորհակալ եմ։