ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ
16 մարտի, 2021Հարգելի Անն,
Թույլ տվեք ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Երևանում: Մենք արդեն քննարկումներ ենք ունեցել առանձնազրույցի ձևաչափով և այժմ կշարունակենք դրանք ընդլայնված կազմով: ԵԱՀԿ-ն էական դերակատարություն ունի Հայաստանի բազմակողմ համագործակցության մեջ՝ որպես եվրոպական անվտանգության օրակարգ և հակամարտությունների լուծմանն ուղղված կարգավորումներ ունեցող կազմակերպություն, և այդ առումով ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում Ձեր այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին:
Ադրբեջանի կողմից ուժի զանգվածային կիրառումը նոր էջ է բացում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձգձգելու և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խարխլելու գործում:
Չպետք է որևէ պատրանք լինի, որ ուժի կիրառումը՝ ուղեկցված զանգվածային վայրագություններով, ներառյալ՝ էթնիկ զտումները և պատերազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների լուծմանը: Ուժի կիրառումը և դրա հետևանքները չեն կարող լինել կայուն և ընդունելի տարածաշրջանում հաստատուն և տևական խաղաղություն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենավաղ և արդարացի կարգավորումն անհապաղ հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան վերածելու գործում:
Հայաստանը պատրաստ է խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առանցքային խնդիրները, որոնք չեն արտացոլվել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված: Դրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է Արցախի կարգավիճակի և տարածքների հարցը:
Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ և քաղաքացիական պատանդներ դեռևս գերության մեջ են: Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանք պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքի անդամներին՝ վերջիններիս ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Այս անընդունելի արարքներն ավելի խոսուն են, քան խաղաղության և հակամարտության ավարտի մասին սին խոսքերը:
Առկա են նաև այլ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրներ, այդ թվում՝ Արցախ մարդասիրական օգնության մուտքի հասանելիությունը և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։ Ես ավելի մանրամասն կանդրադառնամ այս հարցին մեր հանդիպման ընթացքում։
Ձեր այցը պատեհ առիթ է քննարկելու նաև մեր երկկողմ օրակարգը: Վերջերս Շվեդիան Հայաստանում իր առաքելությունը վերափոխել է լիարժեք դեսպանատան, և դա, անշուշտ, վկայում է Շվեդիայի պատրաստակամության մասին` գեներացնելու նոր գաղափարներ, նախագծեր և համատեղ ջանքերով դրանք կյանքի կոչելու` ի շահ մեր ժողովուրդների:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեզ Երևանում: Շնորհակալություն: