ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
20 մարտի, 2021Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն։
Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ: Այստեղ մերժվում են ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը:
Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը:
Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։
Ինչպես գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական-մշակութային բազմատեսակ միջոցառումներ: COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրը հնարավոր չէ նշել այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը կցանկանար։
Այնուհանդերձ, համոզված ենք, որ դպրոցների, համալսարանների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հայ ֆրանկոֆոնները յուրովի կնշեն ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային նվիրված այս խորհրդանշական օրը։ Լիահույս ենք նաև, որ գալիք գարնանը, Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում համավարակը կհաղթահարվի, և մեր հասարակության ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ համայնքը կվերագտնի ավանդական երկամսյակը վայելելու հնարավորությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի մեր Կազմակերպությունը, քաղաքակրթությունների երկխոսության բացառիկ վայր հանդիսացող ֆրանկոֆոն մեր մեծ ընտանիքը, մշտապես լինի արդիական և արդարացնի ֆրանկոֆոն տարածքի ժողովուրդների սպասումները։