ՀՀ ԱԳ նախարարի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին
29 մարտի, 2021Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հարգարժան անդամներ,
ԶԼՄ ներկայացուցիչներ,
Գործընկերներ,
Այսօր ես հանդես կգամ հակիրճ զեկույցով՝ 2020թ. կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ։ 2020թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ գործունեության շարունակականության ապահովմանը, բարեփոխումների և զարգացման օրակարգի հետագա խթանմանը։
Այդուհանդերձ, տարին Հայաստանի անկախությունից ի վեր թերևս ամենածանրն էր՝ պայմանավորված գլոբալ և տարածաշրջանային հայտնի իրադարձություններով։ Մի կողմից՝ COVID-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջաթուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ողջ պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար, և դրանց հետևանքների հաղթահարումը էապես ձևավորեց մեր աշխատանքների օրակարգը։
COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու և վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ, ինչի արդյունքում Հայաստան է վերադարձել 14564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով: ՀՀ ԱԳՆ կողմից, դեսպանությունների գործուն ջանքերով, իրականացվել է մի շարք երկրների և կառույցների կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին մարդասիրական աջակցության տրամադրումը:
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ՀՀ ջանքներ է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հունվարի 29-30-ին Ժնևում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում նշվել է, որ կողմերը քննարկեցին խնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու քայլերը, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակացույցը և օրակարգերը։
Համավարակով պայմանավորված սահմանափակումներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան ծրագրված հանդիպումների իրականացման վրա, և շփումները շարունակվեցին առցանց։ Ապրիլի 21-ին այդպիսի մի հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ համանախագահները կոչ արեցին կողմերին խստորեն հետևել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն քննադատեց այս համատեղ հայտարարությունը՝ այս փաստաթղթին հավանություն տված Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնանկության համատեքստում՝ դրանով իսկ ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր քաղաքականությունը։
Ադրբեջանը նախ՝ ուժ կիրառեց Տավուշի շրջանի սահմանամերձ հատվածում անցած տարվա հուլիսի կեսերին, ապա՝ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգնությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիա, որը տապալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը:
Պատերազմի ընթացքում ԱԳ նախարարների մակարդակով ձեռք է բերվել հրադադարի հաստատման վերաբերյալ երեք պայմանավորվածություն՝ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման, Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին մարդասիրական հրադադարի հայտարարման, հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ, որոնք անմիջապես խախտվել են Ադրբեջանի կողմից: Ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։
ԱԳՆ կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել՝ միջազգային հանրության շրջանում ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու դիվանագիտական ճնշումը թուրք-ադրբեջանական դաշինքի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները:
Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։ Միաժամանակ, այդ զարգացումներն ի ցույց դրեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա:
Պատերազմից հետո Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնամուխ եղավ ստեղծված նոր իրավիճակում ՀՀ մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվեցին դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ։ Այդ մոտեցումները ենթադրում են.
● Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա,
● Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում,
● Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա,
● Վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
●Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:
ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են իրականացվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, և Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ: Այս ուղղությամբ կարևոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ՀՀ հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի կոնսենսուսային ընդունումը։
Շարունակվել է փոխգործակցության խորացումը տարբեր աշխարհագրություններով, սակայն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված` հանդիպումների, փոխշփումների մեծ մասը տեղափոխվել է հեռավար տիրույթ։ Նախապես ծրագրված այցերի, հանդիպումների մեծ մասը համավարակի պայմաններում ժամանակավորապես հետաձգվել է։
2020թ. պաշտոնապես սկսել են գործել Եթովպիայում ՀՀ դեսպանությունը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ 2020թ. օգոստոսից իր աշխատանքներն է սկսել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես նաև լիարժեք դեսպանության մակարդակի է բարձրացվել Շվեդիայի Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից ԱԳՆ խնայած միջոցներից Սիրիայի հայ համայնքին տրամադրվել է միանվագ մարդասիրական աջակցություն` հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով: ԱԳՆ կողմից նաև համակարգվել է տարբեր խողովակներով տրամադրվող մարդասիրական օգնությունը Լիբանանի Հանրապետությանը՝ լիբանանահայ համայնքին:
Այսքանով կավարտեմ խոսքս, և մեծ սիրով մեր քննարկումները կշարունակենք հարց ու պատասխանի ձևաչափով: