ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ
23 սեպտեմբերի, 2021ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը:
Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:
COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:
Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը:
COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:
Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:
Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:
Շնորհակալություն»: