ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստում
02 դեկտեմբերի, 2021Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․
«Տիկի՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ՝ կցանկանայի միանալ իմ գործընկերներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանը՝ տարվա ընթացքում կազմակերպությունը ղեկավարելու համար:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Անշուշտ՝ Ադրբեջանի գործողությունները խախտում են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։
Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլ մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև մի շարք դեպքերում, վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են հայ զինծառայողների:
Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է:
Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը:
Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։
Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությամբ:
Եզրափակելով՝ կցանկանայի ողջունել Լեհաստանին՝ որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկիր, և մաղթել ամենայն հաջողություն։
Շնորհակալություն»։