ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովին

10 մարտի, 2022

Հարգարժա՛ն տիկին Ռիբեյրո,

Հարգարժա՛ն պարոն Մարտիրոսյան,

Հարգելի՛ բանախոսներ և հյուրեր,

Ուրախ եմ ձեզ ողջունել ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող համաժողովին:

Համաժողովի թեման այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները և մարդկությանը սպառնացող մարտահրավերները:

Տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատությունը, թափանցիկությունը, մարդկանց տեղեկացված լինելը մարդու իրավունքների կարևոր բաղադրիչներ են: Նոր տեխնոլոգիաների, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում են հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում են խոցելի ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև։

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերի տարածումն այսօր, ցավոք, առավել քան արդիական մարտահրավեր է: Դրա պատճառներն ու շարժառիթները զանազան են, իսկ իրականացման ձևերն օրեցօր կատարելագործվում են: Որպես ապատեղեկատվության թիրախ հաճախ ընտրվում են առավել խոցելի խմբերը, ովքեր չունեն բավարար գիտելիք, փորձ և տեղեկացվածություն՝ ապատեղեկատվությունը ճանաչելու կամ այդ նպատակով վերլուծություններ կատարելու համար: Հատկապես մտահոգիչ է տարեց անձանց, անչափահասների և դեռահասների թիրախավորումը: 

Ինչպես բոլորս ականատես դարձանք, ապատեղեկատվության և կեղծ լուրերի հորձանուտը շեշտակիորեն աճում է հատկապես արտակարգ իրավիճակներում: Համավարակի պայմաններում, որն աշխարհը պատուհասեց 2020թ․ սկզբին, շրջանառության մեջ դրվեցին բազմաթիվ կեղծ լուրեր, կարծիքներ, կեղծ լուրեր, մոլորեցնող կանխատեսումներ և շահարկումներ: Համավարակի արհավիրքի հետ հանդերձ, համաշխարհային հանրությունն առերեսվեց նաև այդ քաոսային տեղեկատվական հոսքին. շատ օգտատերերի համար չափազանց դժվար դարձավ ճշմարտությունը և կեղծ լուրը զանազանելը և իրավիճակի մասին իրական պատկեր ունենալու խնդիրը:

Կեղծ լուրերի գործոնը հատկապես ընդգծվում է հակամարտային իրավիճակներում և մաս է կազմում պատերազմի հրձիգների գործիքակազմի։ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում, ինչպես նաև՝ նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում, Հայաստանը ստիպված էր դիմակայել նաև ապատեղեկատվական և կիբեռ անվտանգային լավ կազմակերպված հարձակումներին։ Նման իրավիճակներում, նման հարձակումները հատկապես վտանգավոր են և դրանց դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն պետական ինստիտուտների, այլև ողջ հասարակության մոբիլիզացիան:

Այսպիսով, ներկայիս հրամայականն է նման ապատեղեկատվության դիմակայումը, որի առանցքային մասը պետք է դառնա հասարակության լայն շերտերի մեդիագրագիտության բարձրացումը:

Առավել քան համոզված եմ, որ ապատեղեկատվության դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է։ Շատ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցի իր պատասխանատվությունը ապատեղեկատվության դեմ պայքարում, քանի որ հակառակ դեպքում յուրաքանչյուրը կարող է ոչ միայն ապատեղեկատվության զոհ, այլ նաև դրա տարածման գործիքը դառնալ:

Վստահ եմ, որ այս համաժողովի բանախոսներն այսօր իրապես կարևոր ներդրում են կատարելու՝ իրենց փորձով կիսվելու, իրազեկվածություն բարձրացնելու, ինչպես նաև գործնական գիտելիքներ փոխանցելու միջոցով:

Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ, տիկին Ռիբեյրո, այս միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ այս ծրագրին աջակցելու և համագործակցելու համար, մեր բանախոսներին՝ իրենց պատրաստակամության համար և մեր բոլոր հյուրերին՝ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար:

Մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:

Շնորհակալություն:

 

Տպել էջը