Տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով
26 ապրիլի, 2022Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․
«Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար:
Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։
Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։ Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։
Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 200 մլն բնակչությամբ և շուրջ 1.8 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։
Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը։
Հարգելի՛ բարեկամներ,
Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են: Այսօր այստեղ են հավաքված այս ոլորտների բոլոր լավագույն ներկայացուցիչներն, ուստի վստահ եմ, որ այսօրվա միջոցառման հաջողությունը երաշխավորված է։
Ամփոփելով, հարգելի՛ մասնակիցներ, ես ձեզ մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր աշխատանք: Եվ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ քաղաքական գործիչները խոսքը փոխանցեն գործարարներին։
Շնորհակալ եմ»:
Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք: