ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
05 հունիսի, 2023Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
«Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ,
Շարունակելով այսօրվա քննարկումները՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մասով, նշեմ, որ 2022թ․ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ ներգրավածությունը ԵԱՏՄ շրջանակներում տարբեր մակարդակներով անցկացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին։
2022թ. կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 և Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 նիստեր՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստեր՝ ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի տարեվերջյան նիստն անցկացվել է Երևանում։
Մշակվել և ընդունվել են մի շարք փաստաթղթեր: ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ կողմից ստորագրվել են 11 միջազգային պայմանագրեր, վավերացվել կամ հաստատվել են 15-ը:
Կարծում եմ՝ անդրադարձ կլինի դեռ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական, այդ թվում՝ առևտրատնտեսական և մաքսային, ոլորտներում ընդունված փաստաթղթերին, դրանց կարգավորումներին: Իմ կողմից նշեմ, որ շարունակվել են բանակցությունները երրորդ երկրների հետ առևտրային համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի կնքման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, կարծում ենք, լրացուցիչ խթան կդառնա միության համար:
ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները 2022թ. ակտիվորեն շարունակվել են. կայացել են բանակցությունների ևս 5 փուլեր, որոնց ընթացքում համաձայնագրի տեքստը գրեթե վերջնականացվել է, թեև առանձին դրույթներ դեռևս քննարկվում են։ Հոկտեմբերին Կահիրեում կայացել է ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը. համաձայնագրի նախագծի տեքստի դրույթների մեծ մասը համաձայնեցված է:
Անցյալ տարվա մայիսին և դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է, համապատասխանաբար, Ինդոնեզիայի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումները։
Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչպես նաև տարանցիկ, մասնավորապես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային միջանցքների զարգացման համար:
Խոսեցի ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին, հավելեմ, որ շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն Իրանի հետ նաև երկկողմ ձևաչափով: Նոյեմբերի 1-ին Հայաստանի վարչապետը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրան, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Աշխատանքներ են տարվում տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ինչպես գիտեք, հոկտեմբերին Կապանում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Այս բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարարը:
Եվ խոսելով տարածաշրջանի, մասնավորապես հարևան երկրների հետ առկա ակտիվ կապերից՝ նշեմ նաև, որ զարգանում են Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունները, քայլեր են ձեռնարկվում դրանք առավել ամրապնդելու ուղղությամբ: Ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեռնափոխադրումների և քաղաքացիների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով: Նախորդ տարվա ապրիլին և հուլիսին, համապատասխանաբար, կայացել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան և իմ այցը Թբիլիսի: Հունիսին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպումը:
Թերևս այստեղ ես կանգ կառնեմ: Հանդիպման մնացած ընթացքը քննարկման տեսքով կշարունակենք:»
***
Հարց. Պարոն Միրզոյան, Դուք ներկայացրիք նաև Վրաստանի հետ հարաբերությունները և գնահատականները. ամբողջովին կիսում եմ և՛ առևտրատնտեսական ոլորտում, և՛ բեռնափոխադրումների, և՛ տարանցման, և՛ էներգետիկ ոլորտում, զբոսաշրջության, կրթական մակարդակում բավական լուրջ համագործակցություն ունենք, և այս համագործակցության օրեցօր ամրապնդումը բխում է, բնականաբար, ինչպես մեր, այնպես էլ Վրաստանի շահերից և տարածաշրջանի կայունությունից: Բայց մի հարցի շուրջ եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել: Վերջին շրջանում՝ հատկապես մայիս ամսին, վրացական հանրային միջավայրում սկսեց գլուխ բարձրացնել մի տհաճ իրաղություն, այսպես կոչված, «հակահայկական հիստերիա», «ամենոֆոբիա», հանդես եկան ինչ-որ կուսակցական գործիչներ, ինչ-որ հասարակական շարժումների ներկայացուցիչներ, ինչ-որ քաղաքագետներ, և ամենատարբեր, անգամ հայհոյալից բառապաշարով հայ ժողովրդի հասցեին անգամ լուտանքներ հնչեցրեցին, անգամ Աբխազիայի հետ կապված խնդիրը փորձեցին «կարկատել» աբխազահայերի վրա, և այստեղ ցավալին գիտեք որն է, այն, որ նման երևույթները, ճիշտ է, դրանք տարածողներն առաջին շերտի քաղաքական գործիչներ, պետական գործիչներ չեն, բայց լայնորեն վերլուծվեց, լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցներով և, կարծեք թե, տպավորություն կար, որ այդ ամենոֆոբիայի նոր պոռթկումն ինչ-որ շրջանակների շահերից է բխում։ Ես չեմ ուզում փակագծերը բացել կամ իմ անձնական տեսակետն ասել։ Ես, առիթից օգտվելով, իհարկե հիմա կոչ եմ անում և՛ վրաց հանրությանը և՛ վրացական իշխանություններին իսկապես ձեռնպահ մնալ նման գործողություններց. դա ուղղակիորեն չի բխում մեր այսօրվա բարձր մակարդակի հարաբերություններից։ Կոչ-հորդոր նաև Ձեզ՝ աշխատանքային միջավայրում փորձել հասկանալ՝ ինչից է դա գալիս և փորձել գործընկերային մթնոլորտում հասնել նրան, որ վրացական իշխանություններն ադեկվատ գործողություններ կատարեն այդ պոռթկումը մեղմելու և բացառելու համար և, բնականաբար, Ձեր կարծիքն այդ ամենի շուրջ, շնորհակալ եմ։
Պատասխան. Պարոն Թորոսյան, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես, մեր և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Այստեղ կառուցողական և անկեղծ կերպով քննարկվում են բոլոր հարցերը, շոշափվում են հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությունները։ Իսկապես, ժամանակ առ ժամանակ գուցե տեղ գտնեն նաև երկու հասարակություններում այդպիսի ոչ ցանկալի դրսևորումներ։ Նախ, կարծում եմ անկախ տվյալ՝ Ձեր նկարագրած իրավիճակում հայտարարությունների հակահայ բնույթից, հնարավոր այլ, չգիտեմ, գուցե Հայաստանում այլ, ինձ հայտնի չի այդպիսի բան, բայց եթե տեսական լինի, իսկապես չկա։ Մեր պարտավորությունն է, երկու պետությունների պարտավորությունն է և երկու երկրների քաղաքական իշխանությունների պարտավորությունն է անել ամեն ինչ, որպեսզի այդպիսի դրսևորումներն ուղղակի չլինեն, կամ դրսևորվելու պարագայում հենց ամենանախնական փուլից արմատախիլ արվեն։ Նախ, որովհետև մենք բոլորս ունենք միջազգային պարտավորություններ ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարելու առումով, և երկրորդ՝ ես վստահ եմ, կոնկրետ Ձեր ասած օրինակում դրանում շահագրգիռ կարող են լինել երրորդ երկրները, վստահաբար, բայց ո՛չ Վրաստանը և ո՛չ Հայաստանը։
Արձագանք․ Պարոն Միրզոյան, իհարկե մենք ակնարկներով, ըստ երևությին, եկանք ընդհանուր հայտարարի։ Իրապես, ո՛չ Հայաստանին ո՛չ Վրաստանին նման իրավիճակ ձեռնտու չէ, և կարող ենք պարզապես հետևություն անել, որ երրորդ ուժի կամ ուժերի գործոնն այստեղ կարող է ակնհայտ սեպ խրել այդ օրեցօր զարգացող հարաբերությունների մեջ և խնդիրներ ստեղծել երկու երկրների համար, որպեսզի, հանդես գալով դատավոր, փորձեն իրավիճակը վերցնել իրենց ձեռքը։ Սա ակնհայտ միտում է, որը մենք այսօր նկատում ենք, և այո, ես կարծում եմ, որ և՛ Դուք՝ որպես արտաքին գործերի նախարար, և՛ մենք բոլորս միասին, և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը՝ մեր դիվանագիտական բոլոր լծակներով, պետք է բարեկամ երկրի համապատասխան մեր գործընկերների հետ աշխատենք՝ թույլ չտալու նման բան, թույլ չտալու որևէ օտարի մեր տարածաշրջանում ջուր պղտորելու և իր ձուկը բռնելու։
Պատասխան․ Դե ինչպես ասացիք ինքներդ, ըստ էության, եկանք ընդհանուր հայտարարի, որ այդպիսի զարգացումները միայն երրորդ ուժերի կամ երրորդ ուժերի խմբի կարող են շահավետ լինել։
Նախարար Միրզոյանը պատասխանել է նաև պատգամավորների՝ ՀՀ դիվանագիտական համակարգին, առևտրային ու ռազմական կցորդների նշանակմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի, դրանց շուրջ վերջին շրջանի բանակցությունների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրմանը վերաբերող հարցերին: