ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

20 հուլիսի, 2023

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։

Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ 

Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև տասից ավելի պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։

Պարո՛ն նախագահող,

Հարգելի՛ դեսպաններ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։ 

  • Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ պարտավորեցնելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով:
  • Խստագույնս հակադրվելով այս որոշմանը՝ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապրօրինաբար հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը:
  • Ավելին, հունիսի 15-ին Ադրբեջանն արդեն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքն` արգելելով ցանկացած տեսակի, և նույնիսկ հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար:
  • Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ վերահաստատել է Ադրբեջանի միջազգայնորեն ամրագրված իրավական պարտավորությունը ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ հետևաբար, անմիջապես կասեցնել իր հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Հարգելի՜ գործընկերներ,

Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։

Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը:

Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Կապված էներգետիկ անվտանգության հետ.

  • Հունվարի 9-ից սկսած Ադրբեջանը խափանել է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ հոսանքագծով իրականացվող էլեկտրականության մատակարարումը: Ամեն օր վեցժամյա հոսանքազրկումներ են տեղի ունենում, առկա է էլեկտրաէներգիայի սպառման 48%-ով նվազում, տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման համակարգերի գերշահագործում:
  • Սկսած 2022թ. դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ 2023թ. մարտից 21-ից գրեթե մշտապես, խափանում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը՝ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը:
  • Վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ պաշարների նվազող հասանելիության և Հայաստանից մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը դադարեցվել են:

Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես պարալիզացված է: Հանրային, այդ թվում՝ միջհամայնքային տրանսպորտը կդադարի գործել մի քանի օրից, իսկ մասնավոր տրանսպորտային միջոցները վաղուց մատնված են անգործության։ Պայմանավորված վառելիքի սուր պակասով՝ Ստեփանակերտում գործում է միայն 2 ավտոբուս՝ սպասարկելով մոտ 60000 բնակչությանը:

Կաված պարենային անվտանգության հետ։

  • Հունիսի 15-ից ի վեր բոլոր հումանիտար մատակարարումների կասեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական սպառման հետ, հանգեցրել է սննդամթերքի խորացող պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Այսպիսով, ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:  
  • Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել շփման գծին հարակից մոտ 10,000 հեկտար հողի վրա գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, ինչն ընդհանուր մշակվող հողերի զգալի մասն է կազմում:  
  • Արդյունքում, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին: 

Ապօրինի շրջափակումը նաև հանգեցրել է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների խախտմանը, այդ թվում՝

  • Բժշկական օգնություն ստանալու իրավունքը, քանի որ վառելիքի սղության հետևանքով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ ի վիճակի չլինելով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։ 
  • Դեղորայքի, բժշկական մատակարարումների և հիգիենայի պարագաների աճող կարիքը, որն ուղեկցվում է բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքով, ահագնացող սպառնալիք է մարդկանց կյանքին և առողջությանը:
  • Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում:
  • Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց: 
  • Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են՝ անհնար դարձնելով նույնիսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը: 
  • Եվ վերջում, շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:  

Այս հումանիտար աղետի պայմաններում մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռական և առանց հապաղման՝ կանխելու վերահաս աղետը:

Մենք պետք է հստակորեն հայտարարենք և արձանագրենք, որ այս գործողությունները, անկախ այն փաստից, թե ում կողմից են իրականացվում, հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և Ժնևի կոնվենցիաների, մասնավորապես Ժնևի չորրորդ կոնվենցիայի ոտնահարում: Պետությունների անվիճարկելի պարտավորությունն է ապահովել «մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և ծննդկանների համար նախատեսված առաջին անհրաժեշտության սննդամթերքի, հագուստի և դեղորայքի ազատ տեղաշարժը» և «թույլ տալ քաղաքացիական անձանց համար նախատեսված բժշկական պարագաների և հիվանդանոցային պարագաների ազատ տեղաշարժը»:

Ադրբեջանի այս դիտավորյալ գործողությունները չեն կարող որակվել այլ կերպ, քան անօրինական և անմարդկային։ Դրանք ոչ միայն ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները և ժողովրդի արժանապատվությունը, այլ նաև նպատակ են հետապնդում ստեղծել ապրելու համար անտանելի պայմաններ և Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման։ 

Պարո՛ն նախագահող, 

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի այժմ անդրադառնալ քաղաքական և անվտանգային հարթությանը և վերահաստատել, որ հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։

Եվ օգտվելով այս առիթից՝ կցանկանայի ընդգծել մեր գործընկերների միջնորդությամբ և օժանդակությամբ իրականացվող բանակցությունների կարևորությունը։ Մենք բարձր ենք գնահատում նրանց ջանքերն ու նվիրվածությունը խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի առավել լավ ապագային:

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է, և այն հնարավոր կլինի, եթե կողմերը ցուցաբերեն առավելագույն պատրաստակամություն՝ հասցեագրելու հակամարտության հիմնական պատճառները։ Այս առումով առանցքային է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրը։ 

Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։

Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն:

Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։  1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ:

Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:  Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները: 

Խորին  ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը:

Ավելին, խաղաղության և անվտանգության հաստատումը պահանջում է նաև վստահության ամրապնդման որոշակի միջոցառումների իրականացում։ Այս նպատակով մենք առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեր առաջարկն է՝ ուժերը տեղափոխել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված սահմանագիծ և սկսել քննարկում նշված ապառազմականացված գոտու ստեղծման կամ ուժերի հետքաշման պայմանների շուրջ։

Ցավոք, ադրբեջանական կողմը դեռ վարանում է ներգրավվել այդ քննարկումներում, և հայկական կողմի՝ ավելի քան մեկ տարի առաջ մեխանիզմների վերաբերյալ Ադրբեջանին գրավոր տրամադրված առաջարկը նույնիսկ չի էլ դիտարկվել։

Բանակցությունների օրակարգի մեկ այլ հարց կապված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր և ունենալով փակ սահմաններ մեր չորս հարևաններից երկուսի հետ՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ օրակարգի առաջմղման հարցում՝ հստակ գիտակցելով, որ  հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հիման վրա և հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։ Վերջին երեք տարիներին այս հարցում արձանագրված առաջընթացը մեզ տալիս է որոշակի լավատեսություն, ինչպես մենք ենք կոչում, «Հայկական խաչմերուկի» տեսլականին հետամուտ լինելու հարցում: 

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վարմանը զուգահեռ, Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իրավիճակի վատթարացմանը։ Մայիսի 28-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստովանեց իր իրական մտադրություններն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը պատշաճ կերպով հասցեագրելու դժկամությունը։  

Ես ցանկանում եմ անդրադառնալ նրա ելույթից որոշ ուղերձների.

  • «Ապրիլի 23-ին սահմանին տեղադրված սահմանային անցակետը պետք է դաս լինի այսօր Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի համար։»
  • «Մենք պատրաստվում ենք մեր ծրագրած վերջին քայլն անել, և այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։
  • «Իմ  ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։»

Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության  բացակայությունը:

Պարո՛ն նախագահող, 

Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման:

Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։

Պարո՛ն նախագահող,

Հարգելի՛ դեսպաններ,

ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։

Թեպետ Ադրբեջանը անիրավացիորեն պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։

Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում  խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն:

Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից.

  • վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների,
  • իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը,
  • ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ,
  • լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:

Շնորհակալություն ուշադրության համար։

 

Ամփոփիչ ելույթ

Ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: 

Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։

Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում: 

Շնորհակալություն։

Տպել էջը