ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Կայուն զարգացման նպատակների գագաթնաժողովին

18 սեպտեմբերի, 2023

Մեծարգո նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ես բարձր եմ գնահատում այս կարևոր միջոցառմանը ելույթ ունենալու հնարավորությունը՝ անդրադառնալու Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին առկա ձեռքբերումներին և մարտահրավերներին:

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հանձնառու լինել 2030թ. օրակարգի իրականացմանը։ Բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգը մարդկանց պահում է Կառավարության քաղաքականության և ռազմավարության առացքում:

Մենք կարևորում ենք լավ կառավարումն ու թափանցիկությունը, ներկայացուցչական և հաշվետու պետական ​​ինստիտուտների հզորացումը և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության խթանումը: Ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդեն իսկ էական ազդեցություն են ունեցել ներդրումների ներգրավման և 2022թ. 12,3 տոկոս տնտեսական զգալի աճի ապահովման համար: Հայաստանի առաջընթացն արտացոլված է նաև մի շարք հայտնի միջազգային ցուցիչներում. 54 միավոր՝ «Ազատությունն աշխարհում» զեկույցում, 49-րդ հորիզոնական՝ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշում և 63-րդ՝ «Transperancy International» 2022թ. կոռուպցիայի ընկալման ցուցանիշում։

Պարոն նախագահ,

Ոչ մի պետություն չի կարող միակողմանիորեն հասնել կայուն զարգացման. այն պահանջում է տարածաշրջանային և միջազգային սիներգիա: Այս առումով տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանումը կարևոր դեր ունի, իսկ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը մեր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է: Ցավոք, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը սպառնում են մեր տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը` խարխլելով Հայաստանի՝ կայուն զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու ջանքերը։ Մինչ ես այստեղ ելույթ եմ ունենում, 120 հազար մարդ Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, կանգնած է իրական հումանիտար ճգնաժամի առաջ։

Այս իրավիճակն ի հայտ է եկել 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով, որն ավելի է սրվել 2023թ. հունիսի 15-ից միջանցքով ազատ տեղաշարժի և անգամ մարդասիրական օգնության համար ամբողջական փակմամբ՝ բացահայտ կերպով անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները:

Մենք հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է և պետք է միջամտի  իր արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման և ոճրագործությունները կանխելու իր մանդատը կյանքի կոչելու համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ և արժանապատիվ ապրել իր նախնիների հողերում։ Մենք հուսով ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կհամախմբի միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ նաև մեր տարածաշրջանում  խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանը և մարդու իրավունքներին»: 

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության ջանքերին՝ 2030թ. Կայուն զարգացման օրակարգի իրականացման և գալիք սերունդների համար առավել ապահով, ավելի անվտանգ և ավելի լավ աշխարհ ստեղծելու ուղղությամբ:

Շնորհակալություն։

Տպել էջը