ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը
22 սեպտեմբերի, 2023Պարո՛ն նախագահող,
Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստն անցկացնելու համար, որը կարևոր հնարավորություն է գնահատելու ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը և բացահայտելու այս համատեքստում առկա բացերը:
Հայաստանն արժևորում է Ֆորումը որպես մշակութային երկխոսության և համագործակցության համար առանցքային հարթակ, որն ի զորու է հասցեագրել այն էական մարտահրավերները, որոնց բախվում է մեր շարունակապես գլոբալացվող աշխարհը: Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին՝ ուղղված միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը:
Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության և համերաշխության, խտրականության բացառման և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:
Աշխարհի տարբեր մասերում զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն ունեն մշակութային և կրոնական կոթողների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման վստահելի մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, թվային և արբանյակային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև նորարարական լուծումները ստեղծում են հսկայական գործիքակազմ՝ նպաստելով մշակութային ժառանգության պաշտպանությանը և մշակութային վանդալիզմի կանխարգելմանը:
2018թ. հուլիսի 13-ի Տիուանակոյի հռչակագրում ֆորումի անդամները մտահոգություն էին հայտնել, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության կոթողների պահպանության համար։ Ինչպես նշված է 2022թ. դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում` մեր ազգերը կիսում են խորը մտահոգությունները՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:
Այս համատեքստում, Հայաստանը համոզված է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ երկրները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը համաշխարհային ականավոր կազմակերպությունների՝ օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության խթանման հարցում մենք ունենք չիրացված ներուժ՝ որպես ողջ մարդկության ընդհանուր հարստություն: Հայաստանը պատրաստ է համատեղ նախաձեռնություններ իրականացնել ֆորումի անդամների հետ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում։
Պարո՛ն նախագահող,
Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը բախվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք 2020 թվականի պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տարածաշրջանում Հայաստանի քաղաքակրթական ներկայությունը ջնջելու իր անողոք արշավի միջոցով Ադրբեջանը ձգտում է ժխտել այդ ժառանգության բուն էությունը:
Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ մարդկության համար: Այն պահանջում է միանշանակ դատապարտում և վճռական պատասխան։ Մենք խորապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը՝ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. առաքելություն, որին Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտել է։
Բնիկ հայ բնակչության ժառանգության դեմ իրականացված էթնիկ և կրոնական ատելության հիման վրա իրականացված մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է իրենց նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականության ավելի լայն պատկերի մի մաս՝ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելու միջոցով:
Իմ ելույթի պահին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր նախնիների հողում պայքարում է իր գոյության համար։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն առանց որևէ դրդապատճառի սանձազերծեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Ծանր ռազմական տեխնիկայի միջոցով Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր մյուս քաղաքների ու բնակավայրերի զանգվածային և թիրախավորված հրետակոծության արդյունքում գրանցվել են մեծ ավերածությունները և մարդկային ծանր կորուստներ․ տասնյակ սպանվածներ, հարյուրավոր վիրավորներ՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում՝ որոնցից 7-ը՝ երեխա, 3-ը՝ կին։
Ադրբեջանական ագրեսիայի այս նոր ալիքին նախորդել է դեկտեմբերի 12-ից սկսած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ուղղին է՝ կյանքի ճանապարհը։ Այս անմարդկային շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ մասնավորապես ամենախոցելի խմբերը, կանգնել են լիակատար մարդասիրական ճգնաժամի և սովահարության իրական վտանգի առաջ։
Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնությունը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Էռնեստո Մենդեսը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորենո-Օկամպոն և շատ ուրիշներ ահազանգել են ցեղասպանության իրագործման վտանգի մասին։
Հուսով ենք, որ մեր հավաքական ջանքերի և մարդկության, խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության արժեքներին անդրդվելի հանձնառության շնորհիվ մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետի և էթնիկ զտումների կանխարգելմանն ուղղված համընդհանուր ջանքերում:
Պարո՛ն նախագահող,
Որպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող և տարբեր ազգերի և մշակույթների հետ փոխզարգացման բազմադարյա ավանդույթներ ունեցող պետություն՝ Հայաստանը հետևողականորեն պատրաստակամություն է հայտնում համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդարացի իրականացման գործում և ներդնում ունենալ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության խթանմանն ուղղված համընդհանուր ջանքերում:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ համագործակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ՝ համատեղ առաջ մղելու և պաշտպանելու ընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ներկայացնում ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության բացառիկ արտահայտություն:
Շնորհակալություն ուշադրության համար։