Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը
14 դեկտեմբերի, 2023Ձերդ գերազանցություն տիկին Ռաբաբ Ֆաթիմա,
հարգարժան նախարարներ,
հարգելի տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի տեղակալ և բարձր հանձնակատար, տիկին Ֆաթիմային և իր գրասենյակի անձնակազմին նախարարական հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, տարանցիկ երկրների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և զարգացման գործընկերների պատվիրակություններին այս կարևոր միջոցառմանը մասնակցության համար: Այն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Վիեննայի Գործողությունների ծրագրի իրականացման գործում ձեռք բերված առաջընթացի և հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:
Իր վերջին զեկույցում ՄԱԿ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վիեննայի գործողությունների ծրագրի իրականացման շրջանի երկրորդ կեսը աչքի է ընկել գլոբալ համավարակի մարտահրավերներով և ծանր հետևանքներով: ՔՈՎԻԴ-19-ից վերականգնման փխրուն գործընթացն էլ ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները:
Միջազգային անվտանգության խոշոր ճգնաժամը, մատակարարման շղթաների խաթարումները, պարենի և վառելիքի գների աճը և կլիմայի փոփոխության ազդեցությունը հանգեցրել են նկատելի հավելյալ բարդությունների երկրների մեր խմբի զարգացման հեռանկարների համար:
Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում և ներառականության ապահովում: Մարդկանց, բեռների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է հանդիսանում գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:
LLDC երկրների ՄԱԿ Երրորդ խորհրդաժողովին ընդառաջ կարևոր է վեր հանել Վիեննայի Գործողությունների ծրագրում սահմանված առաջնային ուղղությունների, այդ թվում՝ տարանցիկ քաղաքականության, ենթակառուցվածքների կառուցման և պահպանման, առևտրի դյուրացման, տարածաշրջանային ինտեգրման, կառուցվածքային տնտեսական վերափոխման ու զարգացման աջակցության ոլորտներում առկա բացերը:
ՄԱԿ Երրորդ խորհրդաժողովը հնարավորություն է ստեղծում վերջնականացնելու Գործողությունների ծրագրի անավարտ հանձնառությունները և վերադառնալու կայուն զարգացման ուղեծրին: Հուսով եմ, որ Հայաստանի և ՄԱԿ-ի կողմից համատեղ կազմակերպված այս նախարարական հանդիպումը և դրա ընթացքում տեղի ունեցող քննարկումներն ու գեներացվող նոր գաղափարները նպաստ կբերեն Գործողությունների նոր ծրագրի մշակմանը:
ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների և զարգացման գործընկերների միջև: Այս առումով մենք մասնավորապես կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանցիկ ներուժի լիարժեք իրականացումը՝ ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի ու հավասար օգտագործման ապահովման և առևտրի դյուրացման միջոցով:
ՄԱԿ Առավել նվազ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առաջատար դեր է խաղում երկրների մեր խմբի կարիքների հասցեագրման նպատակով ՄԱԿ համակարգի գործողությունների համակարգման ու համադրման և այդ ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերների ջանքերի մոբիլիզացիայի գործում: Բարձր գնահատելով գրասենյակի կողմից կատարված աշխատանքը՝ դրա հետ մեկտեղ կուզենայի շեշտել դրա մարդկային ու ֆինանսական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ հնարավորություն տալով լիարժեք ու արդյունավետ կերպով իրացնելու իր մանդատից բխող գործողությունները:
Հարգելի գործընկերներ,
Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմաններն արևմուտքում և արևելքում գտնվում են ցամաքային շրջափակման ներքո վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
Իր բացման ուղերձում Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: Այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:
Գիտակցելով ավելի լավ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցվածության կարիքը՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը: Դրա վառ օրինակ է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է մեր երկրի համար: Այն ոչ միայն կապահովի ավելի դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև, այլև նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությանը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև: Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան–Կապան, Նռնաձոր–Ագարակ, Երասխ–Նախիջևանի սահման երկաթգծերը: Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ «Խաղաղության խաչմերուկը» ոչ թե գալիս է մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերին, այլ լրացնելու առկա հնարավորությունները:
Ավարտելով խոսքս՝ կուզենայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունն արդյունավետ բազմակողմ համագործակցությանը ՄԱԿ համակարգի շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ընդհանուր առաջնայնությունների առաջմղման գործում: Որպես LLDC խմբի բյուրոյի անդամ, մենք պատրաստակամ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ ձևավորելու հանձնառությունների նոր փաթեթ երկրների մեր խմբի կարիքներին ու առաջնայնություններին համապարփակ արձագանքի համար ՄԱԿ Երրորդ խորհրդաժողովին ընդառաջ:
Շնորհակալ եմ: