ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
04 հունիսի, 2024Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների և ծախսերի կատարողական (արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ)։
Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի զեկույցի ամբողջական տեքստը:
Ինքնիշխանության, հայ քաղաքական մտքի, արտաքին քաղաքական ընկալումների և դիրքորոշումների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին նախարարի խոսքը` ի պատասխան պատգամավորների հարցերին, հասանելի է առանձին տեսանյութով:
«Բարև ձեզ, հարգելի՛ նախագահողներ, հարգելի՛ պատգամավորներ,
Մենք, ըստ էության, այս տարվա մարտի 15-ին առիթ ունեցել ենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնել Կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքը և մանրամասնել ենք ԱԳՆ աշխատանքները: Իհարկե, դրանք մեծամասամբ պայմանավորված են եղել անցած տարվա հենց ամենասկզբից տարածաշրջանում առկա իրավիճակով։ Երկար քննարկում ենք ունեցել: Այդ պատճառով այժմ շատ ընդհանուր գծերով կանդրադառնամ բոլոր հարցերին և այնուհետև, իհարկե, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին և՛ 2023թ. մասով, և՛, ենթադրում եմ, հարցեր կլինեն արդեն 2024թ. մասով ևս:
Իհարկե, մեզ համար 2023 թվականի սկզբից առանցքային են մնացել Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերը։
Հիշում եք, որ ամենաառաջին օրվանից, ըստ էության, 2022թ․ դեկտեմբերից, ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում և այն տարվա ընթացքում ավելի քան 8 ամիս տևեց։ Մենք այս գործընթացի և ՀՀ ձեռնարկած քայլերի, գործընթացների վերաբերյալ կրկին բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու։ Հիշատակեմ այս պահին միայն մեր մասնակցությամբ և նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ անվտանգության խորհրդի երկու նիստերը և մնացած, իհարկե, մեր քայլերը, որոնք մեծ հաշվով, և նաև միջազգային հանրության ջանքերը, նաև իրավական ջանքերը և միջազգային ատյանների որոշումները, որոնք, ցավոք, գետնի վրա արդյունք չտվեցին, ունեցանք ԼՂ բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն։ Այդ պահից սկսած նաև մեր ջանքերն ուղղված են եղել միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը և փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը։
Իհարկե, սրան զուգահեռ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության գործընթացը, մասնավորապես առաջին հերթին Ադրբեջանի հետ, բնականաբար, եղել է մեր գործունեության հիմնական ուղղությունն՝ իր բոլոր բաղադրիչներով՝ խաղաղության պայմանագիր, նաև ահմանազատման գործընթացի մեկնարկ, կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտում, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքեր:
Գիտեք, տեղյակ եք եղել. բարձր, բարձրագույն մակարդակով մի շարք հանդիպումներ, յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին խոսել ենք։ Ուզում եմ նաև հիշատակել վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այս առումով, իհարկե, կարևոր տեղ էր զբաղեցնում 2023թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում 32 հայ ռազմագերիներ և պահվող անձիք վերադարձան հայրենիք։
Իհարկե, շարունակել ենք նաև Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը: Ունենք մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում և, իհարկե, ակնհայտորեն, արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք նաև գետնի վրա կոնկրետ իրականացող պայմանավորվածություններ։
Երկկողմ հարաբերություններին անդրադառնամ: Իհարկե, այստեղ ևս մեր առաջնային ջանքերը և նպատակներն ուղղված են եղել մեր անմիջական հարևանությանը և հարաբերությունների զարգացմանը։ Վրաստանի և Իրանի հետ մեր գործընկերությունն էականորեն կարողացել ենք խորացնել։ Օրինակ, Վրաստանի հետ այս տարվա փետրվարին արդեն կարողացանք ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, բայց նախապատրաստական աշխատանքը, ինչպես կարող եք ենթադրել, շատ ավելի առաջ էր սկսվել՝ 2023թ․։ Իրանի հետ հարաբերությունները ևս տարբեր ուղղություններով, և առաջին հերթին տնտեսական ուղղությամբ, էական ձեռքբերումներ ունեցանք։
Գործուն քայլեր են կատարվել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թերևս ամենաթափանցիկն են, ըստ էության, հանրությունը և դուք ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք գործընթացներին:
Բովանդակությամբ նոր հարաբերությունների կառուցման համատեքստում ուզում եմ շեշտել ԵՄ հետ փոխգործակցության խորացումը. մենք 2023թ․ մեկնարկեցինք նաև անվտանգության հարցերով երկխոսությունը, երկու նիստ ունեցանք այս ձևաչափով, ԵՄ մշտադիտարկման առաքելության մեկնարկը եղավ և մանդատի ընդլայնումը, ինչպես նաև առանձին ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության նշանակալի ակտիվացում ունենք։ Եվրոպական ուղղություն ասելով՝ նաև մի քիչ ավելի լայն նկատի ունեմ, ոչ միայն ԵՄ։ Օրինակ, Մեծ Բրիտանիա այցը, և այնտեղ ռազմավարական երկխուսության մեկնարկ ունեցանք Միացյալ Թագավորության հետ։
Մյուս ակտիվ ուղղություններից էր Մերձավոր Արևելքը։ Եվ էլի, շատ չմանրամասնելով՝ մեկ-երկու բան առանձնացնեմ։ Մենք 2023թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։ Ես չեմ դադարի կրկնել, սա մի ջանք էր և նպատակ, որի շուրջ հայ դիվանագիտությունը տասնամյակներով աշխատանք է տարել և վերջնարդյունք չի եղել, ըստ էության: Եվ ահա 2023թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։ Գիտեք, արդեն օրերս հավատարմագրեր հանձնեց Սաուդյան Արաբիայի դեսպանը ՀՀ նախագահին, ՀՀ ԱԳ նախարարի այց եղավ Սաուդյան Արաբիա և այլն։ Բացի այդ, էլի մերձավորարևելյան ուղղությամբ ուզում եմ առանձնացնել Արաբական պետությունների լիգայում նախարարական ձևաչափով ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը և ելույթը, սա ևս աննախադեպ բան էր, մարտին, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ: Նաև Մանամայի երկխոսությունը. դիվանագիտական ֆորում կա այդպիսի ձևաչափով, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց։
2023թ. կնքվեց և արդեն այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը։ Սա ևս, կարծում եմ, բավականին շոշափելի զարգացում է Հայաստանի քաղաքացիների համար։
Իհարկե, մենք շատ ակտիվ հարաբերություններ ենք ունեցել և շարունակել ենք զարգացնել այդ հարաբերությունները Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ։
Բազմակողմ ձևաչափին անդրադառնամ համառոտ․ մենք ակտիվ ներգրավվածություն ենք պահել մի շարք հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՏՄ, ՅՈՒՆԵՍԿՕ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն և այլն: Շատ կարևոր է, ասել եմ այս մասին, ուզում եմ նորից ասել, շատ խոսուն ցուցանիշ է. 2023թ. Հայաստանը ընտրվել է, ըստ էության հաղթել է բոլոր այն 5 ընտրություններում*, որտեղ իր թեկնածությունն առաջադրել է, այն ընտրությունները, որոնց մասնակցել է։
Նաև կրկին բազմակողմ հարթակներին մեր մասնակցության աշխուժացումից, ակտիվացումից խոսելիս ուզում եմ հիշատակել նաև Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ միջազգային անվտանգային հարցերով համաժողովը, Սլովենիայում Բլեդում անցկացվող դիվանագիտական համաժողովը։
ՀԱՊԿ-ի մասով, տեղյակ եք, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը։ Նոր զարգացումներ այստեղ մեծ հաշվով չկան, 2023թ. մասով։
Ընդհանուր առմամբ, 2023թ. Հայաստանը ունեցել է դիվանագիտական հարաբերություններ 182 պետության հետ: Նաև բացի Սաուդյան Արաբիայից 2023թ. մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Բոտսվանայի ու Տրինիդադ և Տոբագոյի հետ։
Մենք ընդլայնել ենք մեր ներկայացվածությունն օտարերկրյա պետություններում։ Դիվանագիտական ներկայացուցչություններ ենք հիմնել մի շարք տեղեր՝ Ուրուգվայում, օրինակ, դեսպանություն և օրերս արդեն մեր դեսպանը նշանակվեց նախագահի կողմից։ Եվ նաև Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ ենք բացել՝ Բելգիայում դեսպանության ներքո։ Հավատարմագրել ենք 2 նոր ոչ ռեզիդենտ դեսպան՝ Վենեսուելայում և Հունգարիայում:
Կանդրադառնամ նաև 2024թ. ընթացքի մեջ գտնվող և ակնկալվող զարգացումներին, գուցե հետաքրքրի։ Տեղյակ եք, որ արդեն ընդունվել են կառավարության որոշումներ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու, Կիպրոսում դեսպանություն հիմնադրելու և Սերբիայում դիվանագիտական գրասենյակ բացելու վերաբերյալ և տարվում են աշխատանքներ այս ուղղությամբ։ Երևի ճիշտ կլինի կանխատեսել, որ նշվածներից Սերբիայում մեր գրասենյակը առաջինը կսկսի գործել։ Նաև կարևոր քայլ Հունգարիայի ուղղությամբ: Մենք և Հունգարիան պայմանավորվել էինք, որ դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական կետեր կբացենք մայրաքաղաքաներում՝ Երևանում և Բուդապեշտում, և իմ վերջին այցի ընթացքում Հունգարիա նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք հիմնել ռեզիդենտ դեսպանություններ Երևանում և Բուդաեշտում. աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հայաստանում նոր դիվանագիտական ներկայացչություններ ևս հիմնվել են, օրինակ՝ բացվել են Բելգիայի, Կանադայի, Կատարի դեսպանությունները, նաև GIZ-ի գրասենյակը և KFW-ի ներկայացուցչությունը: Հայաստանում առաջին անգամ հավատարմագրվել են Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Չադի, Սան Մարինոյի և Զիմբաբվեի ոչ ռեզիդենտ դեսպաններ:
Իրավապայմանագրային դաշտը ևս ընդլայնվել է 90 միջազգային պայմանագիր ենք կնքել, 53 պայմանագիր ուժի մեջ է մտել։
Արտաքին քաղաքական որոշումների և քաղաքականության մասին, առաջնահերթությունների խնդիրների մասին հանրային իրազեկվածության բարձրացման համատեքստում ուզում եմ նշել այն բազմաթիվ հարցազրույցները և հարցուպատասխանները կամ դիրքորոշումների հրապարակային արտահայտումները, որոնցով հանդես են եկել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ես, ինչպես նաև դիվանագիտական մարմինների ղեկավարներ։
Նաև որոշակիորեն անդրադառնամ, թեև մեր գործընկերը Ֆինանսների նախարարությունից շատ համառոտ ներկայացրեց, ես ինքս էլ անդրադառնամ նաև հարցի բյուջետային կողմին, որովհետև ի վերջո բուն առիթը մեր հանդիպման դա է։
Եվ այսպես, մեզ 2023թ. հատկացվել է 16.1 մլրդ. դրամ, բայց ճշտված բյուջեն արդեն կազմել է 25.2 մլրդ. դրամ: Այս տարբերությունը հիմնականում պայմանավորված է եղել մի քանի կոնկրետ գործոններով կամ ենթածրագրերով, ամենամեծը, բնականաբար, Լոնդոնում մեր շենքի ձեռքբերումն է։ Նորից չեմ ուզում անդրադառնամ այն հարցին, թե ինչպիսի աղետալի վիճակում էր մեր դիվանագիտական ներկայացուցչությունը, և այժմ ինչ պայմաններ ունի աշխատանքի և ինչպես է դա նաև մեր երկրի հեղինակությունը և մեր մտադրությունները ներկայացնում Միացյալ Թագավորությունում։
Այնուհետև, անցկացվեցին Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպում, որին հատկացվեց 120.0 մլն. դրամ, «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառումը և նաև ծրագրեր, որոնց համար գումարներ են հատկացվում Կառավարության համապատասխան որոշումներով առանձին, օրինակ՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ, քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայություններ և այլն։ Այստեղ ևս հանրագումարային առումով բավականին հնչեղ գումար է հավելյալ պահանջվել՝ 383 մլն. դրամից ավել:
Սա ես անդրադարձա այդ ճշտված բյուջեյով մեզ արված հատկացումներին: Մինչ այդ, երևի իմաստ ունի նաև խոսել այն 16,1 մլն-ից, որը պլանավորված էր: Արտաքին գործերի նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է հինգ հիմնական ծրագրերով։
Առաջին ծրագիրը, իհարկե, և ամենակարևոր, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում՝ 2,809.7 մլն. դրամ, այսինքն վերը թվարկված ամբողջը, ըստ էության, տեղավորվում է սրա մեջ:
Մյուսը՝ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում. գիտեք, որ մենք ունենք Դիվանագիտական դպրոց, որը իրականացնում է տարբեր ծրագրեր և մեր մասնագետների համար, և օտարերկրյա սկսնակ դիվանագետների համար: Օրինակ, նորից կուզենայի առանձնացնել Իրաքյան Քուրդիստանի երիտասարդ դիվանագետների վերապատրաստման ծրագիրը. սա կարևոր ուղղություն է, մենք շարունակելու ենք այստեղ մեր գործունեությունը:
Հաջորդ ծրագիրը՝ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ։ Մենք անդամավճար ենք փոխանցում 109 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, կոնվենցիաների։ 2023թ. փաստացի փոխանցում է կատարվել 98 կազմակերպության, մնացած 11-ը հայտ չեն ներկայացրել։
Մյուս ծրագիրը՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում։ Արդեն նշեցի Ուրուգվայում և Լյուքսեմբուրգում մեր նոր դեսպանությունները և գրասենյակը։ Այս պահի դրությամբ օտարերկրյա պետություններում թվով 64 ներկայացուցչություններ ունենք, որոնցից մեր սեփականությունն են հանդիսանում 19 շենք, 13 շենք տրված է մեզ անհատույց օգտագործման: Մնացած 29-ը վարձակալվում են:
Եվ հաջորդ ծրագիրը ՀՀ և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում էլի 380 մլն. դրամից մի փոքր ավել:
Եվ իմաստ ունի անդրադառնալ նաև հակիրճ հյուպատոսական ծառայություններին։ Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցված ծառայությունների և կատարված գործողությունների դիմաց 2023թ. ընթացքում փաստացի գանձված պետական տուրքը կազմել է 2,945,3 մլն. դրամ։ Մատուցվել է 111,113 հյուպատոսական ծառայության գործ։ Ընդհանուր առմամբ, ծառայություններ մատուցվել են 161.000 անձի։
Այսքանը թերևս, մնացածը հարցուպատասխանի տեսքով, շնորհակալություն։»
Հաջորդիվ նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Կառավարության ծրագրի, մասնավորապես արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը, առանձին երկրների ու կառույցների հետ երկկողմ գործընկերության զարգացման հարցերի, տարածաշրջանային թեմաների, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հնդկաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասով նախարար Միրզոյանը հավելել է. «Հնդկական ավիաուղիների, ուղիղ ավիահաղորդակցության հիմնադրումը մեր քննարկած և օրակարգի հարցերից մեկն էր երկար ժամանակ: Իհարկե, սա ոչ միայն ավիաուղղիներ, ավիահաղորդակցություն, ընդհանրապես այս ուղղությունը մեզ համար շատ մեծ տնտեսական հնարավորություններ է պարունակում, և ես կուզեի առիթից օգտվել և կոչ անել մեր գործարար համայնքին, օգտվեն այս հնարավորություններից, որովհետև, կարող եմ հավատացնել, որ ամենևին առկա նեռուժը չի իրացվում այս պահին: Գործարար շրջանակներն ունեն ավանդական, լոգիստիկ ուղղություններ, ավանդական սպառման կամ հումքի շուկաներ, և այլն, բայց կոչ եմ անում գործարար համայնքին, ավելի ակտիվ գտնվել Հնդկաստանի ուղղությամբ:»
Ի պատասխան պատգամավորի հարցին նախարարը պարզաբանել է. «Հարավային Կորեայի մասով, այո, մենք երկու երկրներով պայմանավորվել ենք դեսպանություններ բացել մայրաքաղաքներում, և ոչ միայն, նույնիսկ որոշակի դրա հետ կապված այլ գործողություններ, գրասենյակներ և այլն: Այդտեղ արտաքին գործերի նախարարի փոփոխություն տեղի ունեցավ և հիմա մենք հավաստել ենք, որ ծրագրերը նույնն են, բայց, հասկանալիորեն, որոշակի դանդաղեցում կա: Ընդհանուր առմամբ, դա որպես ուղենիշ ունենք այս պահին:»
ԵՄ հետ գործընկերության մասով ՀՀ ԱԳ նախարարը հավելել է. «Մենք հիմա Եվրոպական Միության հետ աշխատում ենք շատ, բայց կենտրոնանում ենք երկու ուղղությամբ, երկու խողովակի վրա: Մեկը համագործակցության նոր առաջնահերթություններն են. ունենք առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված վերանայում ենք, և կհանգենք նոր փաթեթի: Եվ երկրորդ ուղղությունն արդեն ապրիլի 5-ի Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումից բխող միջոցառումների կամ առաջնահերթությունների փաթեթի ուղղությունն է, որը պայմանական կարող ենք անվանել Հայաստանի դիմայականության բարձրացում: Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի ես մեր համագործակցության ներկա ուղղությունները կամ ներկա ծրագրերը: Անշուշտ, Եվրոպայի խաղաղության գործիքը» (EPF) դրա մաս է, անշուշտ, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ դրա մասն է, և բազմաթիվ այլ բաներ, որը որքանով կհաջողվի մինչև տարվա վերջ, տարվա կեսն արդեն անցավ, 6 ամիս հետո կհասկանանք: Ի պատասխան պատգամավորի մեկնաբանության, նախարարը նաև պարզաբանեց, որ Եվրոպայի խաղաղության գործիքի ներքո «ոչ մի փամփուշտ չի էլ անկլկալվում», քննարկվում է Հայաստանին ոչ մահաբեր տեսակի , առավելապես ռազմական բժշկության ուղղությամբ աջակցության տրամադրումը:
*Դրանք են՝
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրությունները՝ 2023-26 թթ. համար,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրությունները՝ 2023-2027 թթ. համար,
- ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2026 թթ. համար,
- ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրությունները՝ 2024-2026թթ․ համար,
- ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2027 թթ. Համար: