ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին
12 հունիսի, 2024Հունիսի 11-ից 12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է.
«Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։
Ուկրաինայի վերականգնման սկզբունքները, որոնք ընդունվել են Լուգանոյում 2 տարի առաջ, պետք է լինեն այսօրվա քննարկումների հիմքում։ Բարեփոխումների վրա հիմնված, թափանցիկ, ժողովրդավարական, ինչպես նաև կայուն վերականգնման գործընթացները նախապայմաններ են երաշխավորելու Ուկրաինայի ժողովրդի ապագան:
Միևնույն ժամանակ, առանց խաղաղության այս գործընթացը կլինի հատվածական և ոչ արդյունավետ: Հայաստանն ու մեր ժողովուրդը պատկերացնում են պատերազմների ու բռնությունների սարսափը։ Վերջերս մենք բախվել ենք համանման իրավիճակի և գիտակցում ենք խաղաղության կարևորությունը։
Մենք պատրաստակամ ենք համագործակցել կողմերի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները։ Խաղաղությունը մեր քաղաքական համոզմունքն է։ Մենք ինքներս անկեղծորեն ներգրավված ենք խաղաղության բանակցություններում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մտադրությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ փաստաթղթի հիման վրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև նախկին խորհրդային 10 այլ հանրապետություններ համաձայնել են նախկին վարչական սահմանները ճանաչել որպես միջպետական սահմաններ:
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք վերահաստատել գործընկերների հետ համագործակցելու Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ նպատակ ունենալով վերակառուցել կայունությունն ու խաղաղությունը Եվրոպայում»:
Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ: