Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ելույթը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

20 հունիսի, 2024

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգարժա՛ն դեսպաններ, հյուրեր

Այսօր մենք մեր համերաշխությունն ու հարգանքն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր հաղթահարելով իրենց կյանքին սպառնացող վտանգները՝  բռնությունը, շրջափակումը, սովը, ազգային կամ ռասայական պատկանելիության պատճառով իրականացված հետապնդումները չեն կորցրել իրենց ուժն ու տոկունությունը և, ավելին, նպաստում են իրենց հյուրընկալող երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Այս խորհրդանշական օրը, թույլ տվեք վերահաստատել, որ քաղաքակիրթ աշխարհը պիտի մեկտեղի ջանքերը կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնք մարդկանց տեղահանման ամենաէական պատճառներն են հանդիսանում։

2023թ աշխարհում տեղահանվածների թիվը արդեն իսկ մոտեցել է 120 մլն-ի, որոնցից 38 մլն-ը հենց փախստականներ են։ Եվ պետք է հիշել, որ մենք գործ ունենք ոչ թե՛ հերթական վիճակագրական թվերի, այլ մարդկային կյանքերի հետ։

Ցավոք սրտի, ՀՀ-ը իր անկախությունից ի վեր ևս քանիցս բախվել է փախստականների խնդրին։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնի տեղահանվեց մոտ 500.000 հայ, նրանցից 360.000-ը ապաստան գտան Հայաստանում։ Տեղահանումների հաջորդ խոշոր ալիքին ականատես եղանք 2020թ, և ի վերջո նախորդ տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվեցին ավելի քան 115 հազար հայեր, որոնց շուրջ 2/3-ը կանայք և երեխաներ։ Առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ փախստականներից շատերը բազմակի տեղահանումների զոհ էին։

Հայաստանը արել և շարունակում է անել հնարավորինը բռնի տեղահանվածներին օգնելու համար: Կառավարության կողմից գործակվեցին հնարավոր բոլոր, այդ թվում իրավական լծակները, հրատապ արձագանքելու և մարդկանց օժանդակություն տրամադրելու համար:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը օգնություն տրամադրելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ- փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես են եկել 97 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրման համատեղ կոչով: Ցավոք, հավաքագրվել է նախատեսված միջոցների միայն կեսից քիչ ավելին՝ 54 մլն ԱՄՆ դոլար։ Սա ընդգծում է միջազգային դոնորների էլ առավել մեծ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ առկա կարիքները համապարփակ կերպով հասցեագրելու  նպատակով:

Հաշվի առնելով փախստականների կարիքների հասցեագրման առաջնահերթությունը, Հայաստանը 2023 թվականին տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնեց մի շարք կամավոր  հանձնառություններ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատանքների շարունակականություն և ջանքերի համադրում:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր արդեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները համապարփակ կերպով լուծելու համար, անհրաժեշտ է մարդասիրական  առաջնային կարիքները հասցեագրելուն զուգահեռ անցում կատարել երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Կարծում ենք, որ մեր հետագա գործողությունները պիտի տեղավորվեն հումանիտար- զարգացում – խաղաղություն շրջանակում և միտված լինեն թե՛ ընդունող համայնքների, թե՛ փախստականների համար զարգացման օրակարգի ձևավորմանը։

Այս առումով կարևորում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ Հայաստանի անցումային ծրագրի մշակումը: Այս համատեքստում ես կանդրադառնամ մի քանի առաջնահերթությունների, որոնք պետք է ուշադրության արժանանան թե՛ այս Ծրագրի և թե՛ ՄԱԿ թիմի կողմից առաջարկվող այլ ծրագրերի շրջանակում:

Մասնավորապես, Հայաստանը կարևորում է փախստականների ներառումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչն առաջին հերթին պետք է իրականացվեն աշխատաշուկայում նրանց ներգրավման՝ հմտությունների զարգացման, վերապատրաստումների կազմակերպման, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման, դրանց ֆինանսավորման և նման այլ աշխատանքների իրականացման միջոցով:

Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որպեսզի ճիշտ գնահատվի փախստականների ներուժը, հաշվի առնվեն նրանց կրթությունը, հմտություններն ու նախասիրությունները: Փախստականների ներուժի ճիշտ գնահատումը թույլ կտա կառավարությանն ավելի թիրախային դարձնել նրանց տրամադրվող օժանդակությունը, այդ թվում հաշվի առնելով քաղաքաբնակ կամ գյուղաբնակ բնակչության առանձնահատկությունները, վերջիններիս համար ստեղծելով գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմաններ: Կարևորում ենք փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների դիմակայությունն ապահովող ծրագրերի մշակումը:

Առանձին և շատ կարևոր խնդիր է փախստականներին բնակարաններով ապահովելու հարցը, որի վերաբերյալ կառավարությունն արդեն իսկ հանդես է եկել մշակված նախագծով։

Իհարկե, պետք է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խոցելի խմբերին, այդ թվում հատուկ կարիքներ ունեցող անձանց:

Որակյալ կրթության և առողջապահական համակարգերին հասանելիությունը, սոցիալական ներառականությունը, ի վերջո կայուն կենսապայմանների ստեղծումը,  կարևոր գործոններ են փախստականների համար լիարժեք կյանքի պայմաններ ստեղծելու համար:

Թվարկածս բոլոր քայլերը պետք է իրականացվեն համատեղ ուժերով՝ կառավարության, գործարարների, միջազգային կազմակերպությունների, դոնոր երկրների:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին ՀՀ կառավարության հետ համակարգված աշխատանք տանելու համար։ Ակնկալում ենք հետայսու նույնպես արդյունավետ համագործակցություն, որի առանցքում պիտի լինի փախստականներին արժանակապատիվ կյանք ապահովելու կարևորագույն առաքելությունը:

Շնորհակալություն:

Տպել էջը