ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը

19 դեկտեմբերի, 2024

Ձերդ գերազանցություններ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Որպես Գործող նախագահ՝ ջերմորեն ողջունում եմ ձեզ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀԿ միջազգային մշտական ​​քարտուղարությանը Լազար Կոմանեսկուի հմուտ ղեկավարությամբ՝ մեր նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Անցած կիսամյակի ընթացքում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո, մենք գործադրել ենք հնարավոր բոլոր ջանքերը՝ ընդգծելու ՍԾՏՀԿ հիմնական կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման կարևորությունը: Շարունակական մարտահրավերների պայմաններում մենք ջանք չենք խնայել՝ խթանելու կառուցողական և ներառական երկխոսությունն ու ամրապնդելու ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և մշակութային կապերը:

Մենք աջակցել ենք բաց քաղաքական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու միջոց՝ հանուն ՍԾՏՀԿ անդամ պետությունների կայուն զարգացման և նրանց բնակչության կենսապայմանների բարելավման։

Այս ընթացքում գումարվել է օժանդակ մարմինների շուրջ երեսուն նիստ։ Որպես ՍԾՏՀԿ մշակույթի և տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների աշխատանքային խմբերի համակարգող երկիր, ինչպես նաև ՍԾՏՀԿ զբոսաշրջության համագործակցության աշխատանքային խմբի առաջիկա համակարգող՝ Հայաստանը հետևողականորեն խթանել է այս ոլորտներում անդամ պետությունների միջև արդյունքին միտված համագործակցությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին և տարաձայնություններին, որոնք կարող են գոյություն ունենալ ՍԾՏՀԿ անդամ պետությունների միջև՝ մենք ձգտել ենք նպաստել ակտիվ երկխոսությանը մեր ընդհանուր շահերի գրեթե բոլոր ոլորտներում:

Մենք պետք է արձանագրենք նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են այս կազմակերպության գործունեության համար.

- ՍԾՏՀԿ անդամ պետություններին հաջողվել է համաձայնության գալ կազմակերպության 2025 ֆինանսական տարվա բյուջեի շուրջ,

-  բացի ՍԾՏՀԿ 2025 թվականի բյուջեից, համաձայնություն է արձանագրվել Աշխատակազմի կանոնակարգի փոփոխության շուրջ,

-  Ծրագրերի զարգացման հիմնադրամի ղեկավար կոմիտեն գալիք շրջանում կուսումնասիրի նոր ծրագիր՝ ամրապնդելով ՍԾՏՀԿ ծրագրային գործունեությունը,

-   ՍԾՏՀԿ Տրոյկան շարունակել է աշխատել և համակարգել ՍԾՏՀԿ ընթացիկ և ապագա աշխատանքները:

Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գործում է ՍԾՏՀԿ-ն՝ սրանք ուղենիշներ են, որոնք չպետք է անտեսվեն:

ՍԾՏՀԿ հնարավոր բարեփոխումների համատեքստում անդամ պետությունները կարող են նաև քննարկել նախագահության ժամկետը վեց ամսից մինչև մեկ ամբողջական տարի երկարաձգելու հարցը: Ներկա պայմաններում բավարար կլինի տարին մեկ անգամ հրավիրել արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ ավելի գործնական և արդյունքին միտված քննարկումներով։

Հարգելի՛ գործընկերներ,

 

Ցանկացած նախագահություն կարող է առաջ ընթանալ նույնքան արագ, որքան բոլոր անդամ պետությունները կամ նրանցից մեկը տվյալ կառույցում: ՍԾՏՀ տարածաշրջանը մեծապես տուժել է շարունակվող պատերազմի պատճառով, առկա են բազմաթիվ հակամարտություններ ու տարաձայնություններ: Սրանք կազմակերպության գործունեությանն անմիջականորեն առնչվող խոչընդոտներ են, որոնք հեշտությամբ հաղթահարելի չեն: Հայաստանը՝ որպես նախագահող, անմիջապես զգացել է դրա ազդեցությունը. եղել են պահեր, երբ բախվել ենք դժվարությունների նույնիսկ հանդիպումների օրակարգի հաստատման հարցում: Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար:

Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբևէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը և առևտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ: Բացի դրանից, անհրաժեշտ է խթանել միջմշակութային և մարդկանց միջև շփումները:

Առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները:

Ամենայն հավանականությամբ տեղյակ եք մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներից։ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք  երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոծխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար:

Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահող:

Շնորհակալ եմ:



Տպել էջը