ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը (NB8)
23 հունվարի, 2025Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը, որն անցկացվել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների Հայաստան այցի շրջանակերում:
Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, պարոն Սիմոնյան, խորհրդարանների մեծարգո՛ խոսնակներ, փոխխոսնակներ, հարգելի՛ հյուրեր, գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, ջերմորեն ողջունում Ձեզ Հայաստանում։ Ենթադրում եմ, որ ակնկալում էիք կամ ավելին՝ ձեզ խոստացել էին, որ այս օրերին ավելի շատ արև կտեսնեք Հայաստանի երկնքում, սակայն վստահ չեմ` կկարողանանք այդ սպասելիքներն արդարացնել, թե ոչ, բայց փոխարենը՝ հավաստիացնում եմ ձեզ, որ երբ խոսքը գնում է քաղաքական խոստումների մասին, երբ խոսքը գնում է ժողովրդավարության և մարդու իրավունքների, խոսքի ազատության և աշխարհում ժողովրդավարության պաշտպանության սկզբունքների մասին, մենք շատ ավելի հուսալի ենք։
Ընդամենը մի ամիս առաջ էր, երբ ես մասնակցեցի մի նախարարական հանդիպման, որը տեղի ունեցավ Մալթայում ՀՀ և Նորդիկ-բալթյան երկրների միջև, որը կազմակերպվել էր իմ խնդրանքով՝ ձեր երկրների արտաքին գործերի նախարարների օգնությամբ: Հիմա ինձ հնարավորություն է տրված իմ մտքերով կիսվել այս շատ կարևոր քննարկման շրջանակներում, այս շատ կարևոր՝ Նորդիկ-բալթյան երկրների խորհրդարանների նախագահների կամ նրանց ներկայացուցիչների՝ իմ երկիր այցելելու առիթով:
Ես ցանկանում եմ ձեզ կրկին հավաստիացնել, որ մենք հանձնառու ենք նոր հնարավորություններ փնտրել և գտնել՝ միտված մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելուն:
Տիկնայք և պարոնայք, անցնելով հայերենին՝ ես ցանկանում եմ նշել այն պատճառները, որոնց համար Հայաստանը շահագրգռված է էապես խորացնել համագործակցությունը Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այդ պատճառները շատ թափանցիկ են, շատ պարզ, ինչ-որ մեկը կարող է ասել շահադիտական: Եվ այնուամենայնիվ, այդ պատճառները հետևյալն են. իմ խորին համոզմամբ, Նորդիկ-բալթյան երկրներն այն երկրներն են կամ այն երկրների շարքում են, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն ամենաուժեղն են, ամենաինստիտուցիոնալն են, ինչպես նաև պաշտպանվածը, կայացածը, որտեղ մարդու իրավունքներն ամենապաշտպանվածն են, իսկ հասարակություններն ամուր կանգնած են ժողովրդավարության և ազատության արժեքների վրա և որտեղ հասարակությունները հասկանում են այն վտանգներն ու ռիսկերը, որոնց առջև գլոբալ ժողովրդավարությունն այսօր կանգնած է: Սա մի շերտն է: Երկրորդ շերտը. Նորդիկ-բալթյան երկրները մեզ համար տարածաշրջանային գործընկերության և համագործակցության թերևս ամենահիանալի օրինակներից մեկն են, և այս երկու առումներով մենք և՛ սովորելու շատ բան ունենք, և՛ հուսով եմ նաև որոշակիորեն տալու բան ունենք:
Տիկնայք և պարոնայք, ես չգիտեմ՝ ինչպես կընթանան, ինչ ուղղվածություն կունենան ձեր այսօրվա քննարկումները, դրանք կլինեն տեսական քննարկումներ, բանավեճ խաղաղության և ժողովրդավարության մասին, թե Հայաստանի, Հարավային Կովկասի կամ այլ տարածաշրջանների օրինակով կոնկրետ դրսևորումների, դեպքերի շուրջ պրակտիկ վերլուծություններ, բայց ես կուզենայի ձեր քննարկումից առաջ շատ համառոտ պատկերացում տալ կամ գոնե կիսվել իմ պատկերացմամբ այն մասին, թե ինչ է այսօրվա Հայաստանը:
Առաջին հերթին, այսօրվա Հայաստանը ժողովրդավարություն է և երկրորդ հերթին` անփորձ, անշուշտ, դեռևս բազմաթիվ անելիքների, սխալների առջև կանգնած, իր սխալներից սովորելու մեծ ճանապարհի առջև կանգնած, բայց արդեն ժողովրդավարություն: Մի հասարակություն, որը վերջնականապես ապացուցել է, առիթ է ունեցել ապացուցելու ժողովրդավարությանն իր նվիրումը: Եվ պարադոքսալ կերպով, այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, ժողովրդավարությունն էր հենց այն գործիքը, որը եկավ պաշտպանելու Հայաստանը։ Ես ուզում եմ ձեզ բերել 2021 թվականի օրինակը, երբ Հայաստանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմից հետո տեսնելով մեր երկիրը ներքաղաքական ճգնաժամի մեջ, դա տեսնելով նաև արտաքին ազդեցություններով, նաև ռազմական հեղաշրջման փորձից, այլ խռովարար փորձերից հետո, Հայաստանի իշխանությունը որոշում կայացրին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսինքն` ուղղակիորեն օգտագործել ժողովրդավարության հիմնական գործիքը` ընտրությունները: Ընտրություններին այն քաղաքական թիմը, որը ես ներկայացնում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանի հասարակությանը ներկայացավ երկու հիմնական առաջարկով` ժողովրդավարություն և խաղաղություն: Դատելով ընտրությունների արդյունքից, կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծամասամբ, ինչպես և հարիր է ժողովրդավարության կանոններին, միանշանակ, աներկբայորեն, որևէ կողմից կասկածի չենթարկված կերպով ընտրեց ժողովրդավարությունը և խաղաղությունը։
Թերևս շատերն իմ հետ կհամաձայնեն այն հարցում, որ ժողովրդավարության պարագայում երևի մի քիչ ավելի հեշտ է, որովհետև ժողովրդավարությունը քեզանից է կախված, ժողովրդավարությունը քո խոսակցությունն է, քո հետ հասարակության մեջ։ Խաղաղության պարագայում, թերևս մի փոքր այլ է, որովհետև դու գործ ունես հարևանի հետ և միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, կարող ես շատ ջանալ, բայց չես կարող կառուցել, եթե չկարողանաս համոզել կամ գտնել ընդհանուր ճանապարհ հարևանիդ հետ խաղաղություն կառուցելու, և սա ճիշտ այն է, ինչի մեջ մենք հիմա գտնվում ենք։
Ես խոստացա ասել` ինչ է այսօր Հայաստանը և այսպես՝ ժողովրդավարություն ու խաղաղության ձգտում։ Մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միանգամից կարող եմ ասել, և սա հրապարակային փաստ է, որ մենք մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ, ում հետ 30 տարուց ավել ունենք փակ սահման, հիմա ունենք բավականին աշխույժ երկխոսություն, ունենք որոշակի ընդհանուր պատկերացումներ այն մասին, որ ավելի բաց սահմանները և ավելի ուղղակի համագործակցությունը կարող է նպաստ բերել և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այստեղ մենք ունենք աշխույժ, ինտենսիվ արդյունքներին միտված երկխոսություն, բայց, ցավալիորեն, ոչ դեռ շատ ուժեղ և շոշափելի արդյունքներ գետնի վրա, ինչպես ասում են։ Ադրբեջանի հետ, մենք ևս արդեն մի քանի տարուց ավել է ընդգրկված ենք բանակցություններում։ Այդ բանակցությունները շարունակվում են, այդ բանակցություններն ունեն մի քանի ուղղություններ: Մեկը դուք տեսաք տեսահոլովակի տեսքով։ Մենք առաջարկում ենք բացել սահմանները, վերագործարկել, նախ և առաջ, վերագործարկել երկաթուղային կապը, ապրանքների համար հնարավորություններ ստեղծել: Դա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև արևելքից արևմուտք ընկած բոլոր երկրների համար:
Մյուս ուղղությունը, իհարկե, սա սահմանների դելիմիտացիան է։ Այստեղ ուզում եմ առանցքային կարևորություն հաղորդել դելիմիտացիայի մեկնարկած գործընթացին. մի գործընթաց, որը սկսվել և ընթանում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա մի փաստաթուղթ է, կրկին շատ համառոտ պատկերացում տալու համար, մի փաստաթուղթ է այն մասին, որ Խորհրդային Միության նախկին հանրապետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո պայմանավորվել են, որ միմյանց միջև ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել միմյանց միջև Խորհրդային Միության փլուզման պահին։ Ըստ էության, սա նշանակում է, որ սրա հիման վրա սահմանների սահմանազատումը ենթադրելու է հիմնականում Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանների վերականգնում, վերարտադրություն գետնի վրա։ Սա, կարծում եմ, առանցքային ձեռքբերում է, մանավանդ մեր օրերում, երբ քաոտիկ պրոցեսներ ենք տեսնում, պրոցեսներ, որոնք կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքը, միջազգային կանոնները և առաջին հերթին, իհարկե, տարածքային ամբողջականությունը:
Կա երրորդ ուղղությունը, որը ես կասեի, գալիս է ամբողջացնելու մյուս ուղղությունները։ Սա խաղաղության պայմանագիրն է։ Մենք Ադրբեջանի հետ երկար և տքնաջան աշխատել ենք՝ ունենալու խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք ունենք 15 համաձայնեցված հոդված՝ քննարկվող 17-ից։ Մի կողմից կարող ենք ասել, որ գործի մեծ մասն արված է, մեզ մնում է 2 հոդված համաձայնեցնել, մյուս կողմից, իհարկե, այս հոդվածների համաձայնեցումը կարող է դեռ տևական ժամանակ տևել: Լուծումը մեկն է՝ անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների կողմից։ Անհրաժեշտ քաղաքական կամքի պարագայում ես կարող եմ վստահեցնել՝ շատ կարճ ժամանակ մեզանից կպահանջվի տեքստն ամբողջացնելու համար։ Մեր կողմից այդ քաղաքական կամքը կա։
Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն օր առաջ, կամ եթե կուզեք, րոպե առաջ ամբողջացնելու պայմանագրի տեքստը և ստորագրելու այն։ Ցավոք, չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը և պատրաստակամությունը տեսնում ենք մեր հարևաններից, բայց կրկին սա մի պրոցես է, որն այլընտրանք չունի, այսինքն` նույնիսկ բարդությունները, որոնց մենք բախվում ենք բանակցությունների ընթացքում, նույնիսկ կառուցողականությունը, որ մեզ հաճախ թվում է, թե չեն կիսում մեր հարևանները, չեն կարող, իհարկե, մեզ հիասթափեցնել: Ինչպես ժողովրդավարությունը և ազատությունը, այնպես էլ խաղաղությունը պարզապես այլընտրանք չունեն։ Խնդրում եմ` ուղղակի տեղյակ եղեք, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության դուք ունեք մի գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանը, խորապես հավատում է խաղաղությանը և չի դադարել և չի դադարելու անել ամեն ինչ, բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի Հարավային Կովկասում, այստեղ` աշխարհի մեր փոքրիկ անկյունում, ունենանք խաղաղ և ժողովրդավար մի հանգրվան։
Շնորհակալ եմ։ Ես, իհարկե, չպահեցի իմ խոստումը` խոսել համառոտ, ներողություն եմ խնդրում և մաղթում եմ ձեզ լավ քննարկում»: