ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին

16 ապրիլի, 2025

Ապրիլի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին: Ստորև ներկայացված են պատգամավորի կողմից հնչեցված հարցն ու նախարար Միրզոյանի պատասխանը։

Հարց․ Պարո՛ն Միրզոյան, շուրջ տասն օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ «մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»։ Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներից մեկի հարցին, Դուք անդրադարձաք այս հարցին, որի բովանդակությունը, իհարկե, աղավաղվեց, ու արդյունքում ձեզ մեղադրեցին հարցը օրակարգից հանելու, խնդիրը Լեռնային Ղարաբաղի վրա բարդելու մեջ։ Կխնդրեի Ձեր արձագանքը։ 

Արարատ Միրզոյան․ Բարև Ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես, սա այն ամենավառ օրինակներից է՝ ինչպե՞ս կարող է խոսքը կամ փաստը աղավաղվել և չգիտեմ տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվել։ Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցի, եթե չեմ սխալվում, «Ազատության» հարցումն էր, մեզ՝ արտաքին գործերի նախարարությանը, հարցրել էին` որքանո՞վ է Իլհամ Ալիևի ասածը ճիշտ։ Մենք ասել էինք, որ, իսկապես, մենք զբաղվել ենք, ինչպես և քանիցս հայտարարել ենք հրապարակավ, այդ շրջանում մենք փորձում էինք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում և՝ ուղիղ խոսակցության, նրանց միջև խոսակցության միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով: Այդ թվում նաև՝ ջանքեր գործադրվեցին, ասենք, Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր կլիներ որոշակի հարցեր լուծել։ Սա է, ըստ էության, եղել մեր պատասխանը, և փաստը, որ բռնի տեղահանությունից և հատկապես նաև իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո է, որ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում՝ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք։ Սա է եղել արտաքին գործերի նախարարության արձագանքը: 

Եվ զարմանալիորեն ստացվեց ինչ՝ իրենց հատուկ իրենց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիա ռեսուրսների միջոցով սկսեցին ասել, որ մենք ենք հանել հարցը օրակարգից։ Ես կրկնում եմ` այս կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի: Եվ հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, մեզ մեղադրում էին, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք, և այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ և այլն։ Շատ լավ կլիներ, որ հիմա այստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները և այս խոսակցությունն իրանց հետ գնար: 

Այսինքն, իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությունը, այդ թվում և՝ այստեղ նստած մարդկանց դրդմամբ: Հանրահայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը լրջորեն պե՞տք է տրվի վերջը, թե՞ չէ: Ինչքան կարելի է անընդհատ իրենց նույն թերթերի միջոցով ասել` «Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին»: Հիմա գիտե՞ք՝ ինչ են ասում՝ «Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց»: Լավ, այդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ու՞մ են հիմարի տեղ դնում։ 

Արձագանք. Թույլ տվեք արձագանքի իրավունքով 2-րդ հարցս հնչեցնել: Այսօր Ադրբեջանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված Միջին միջանցքը Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով։ Կխնդրեմ պատասխանեք. մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ-որ քայլեր անու՞մ ենք։ 

Արարատ Միրզոյան. Դե, ակնհայտորեն, տիկի՛ն Հակոբյան, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հեղինակել է, նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հենց նաև այս նոր փնտրվող կամ հաստատվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի կողմից, այլև ամբողջ Հարավային Կովկասի կողմից։ Դա կարող եք ասել Միջին միջանցք, բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են, որ «Խաղաղության խաչմերուկն», ըստ էության, Միջին միջանցքի ճյուղ է, կամ, օրինակ, չգիտեմ, համանման եվրոպական նախագծերը կան, «Գլոբալ դարպասը» (Global gateway): Եվ ամբողջ աշխարհն այս օրերին այդ նոր լոգիստիկ ուղիների հնարավորությունները փնտրտուքի մեջ է: Եվ մեր «Խաղաղության խաչմերուկը» հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։ 

Ես ավելին ասեմ, հայտնի է, որ մենք շատ կառուցողական, պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, և եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Միջին միջանցքին, մյուսին, մյուսին կապվելուն՝ նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման վավերացման հետ:

Տպել էջը