ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով
13 Հունվարի, 2025ՄԱԿ-ի մոդել համաժողովի դիմումների ընդունում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են
ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով
Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ
ՆԿԱՐԱԳԻՐ
Համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատակարգերին, քննարկվող օրակարգերին և դրանց շուրջ անդամ երկրների դիրքորոշումներին, և մասնակցել բազմակողմ բանակցությունների սիմուլյացիոն խաղի, որը թույլ կտա ձեռք բերել բազմակողմ ձևաչափով բանակցությունների վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ։ Համաժողովի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:
Բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել ՀՀ ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։
Ե՞ՐԲ
Համաժողովը տեղի կունենա 2025թ․ փետրվարի 3-ից 28-ը, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ դիվանագետի օրվան ընդառաջ։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Անհրաժեշտ է մինչև 2025թ․ հունվարի 27-ը ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (անգլերեն)՝ մինչև 500 բառի սահմաններում ստորև նշված հղման միջոցով։