Վիզայի անհրաժեշտությունը օտարերկրացիների համար

Եթե դուք պատրաստվում եք այցելել Հայաստան, ապա հնարավոր է վիզա ստանալու անհրաժեշտություն լինի: Առաջարկում ենք ստուգել մուտքի վիզայի պահանջը՝ օգտվելով ստորև ներկայացված ստուգման գործիքից՝ նշելով Ձեր քաղաքացիության երկիրը և ճամփորդական փաստաթղթի տեսակը:

Վիզայի անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիների համար (բաժինը մշակման փուլում է)

Ընտրեք երկիրը և ստուգեք մուտքի վիզայի պահանջը

Վիզա (մուտքի արտոնագիր)

ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) հնարավոր է ստանալ https://evisa.mfa.am հղումով։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ (.pdf)

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:  

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է «պաշտոնական» և «դիվանագիտական» մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ evisa.mfa.am: «Այցելության» և «տարանցիկ» մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով

Որ պետությունների քաղաքացիների համար է պահանջվում հրավեր

ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: 

Ինչպես կազմել և ներկայացնել հրավերը

Հրավերը հնարավոր է ներկայացնել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am 

1. Հրավերի լրացված օրինակ (նմուշ, PDF)
2. Հրավերի խմբագրվող օրինակելի ձև (MS Word)

Հրավեր կարող են ներկայացնել.

- ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք.

- ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

Ֆիզիկական անձինք հրավերը ներկայացնում են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

1. Հրավեր՝ կազմված համաձայն օրնակելի ձևի՝ կազմակերպության ձևաթղթի վրա, ստորագրված և կնքված,

2. Հրավիրվող անձի անձնագրի պատճենը,

3. Դիմում-հարցաթերթիկ,

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է, որը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում՝ հետևյալ գանձապետական հաշվեհամարին 900005162129 կամ առցանց՝ հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=1077։ 

Ազգությամբ հայ օտարերկրացիների մուտքի առանձնահատկությունները

Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

Ազգությամբ հայ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայականի բնօրինակը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ։

Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Ներկայացվող փաստաթղթի թարգմանություն չի պահանջվում, եթե այն կազմված է անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Այլ օտար լեզվով կազմված փաստաթուղթը ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Ներկայացված փաստաթղթերի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է կատարել լրացուցիչ ստուգումներ։ 

Մուտքը Հայաստանի Հանրապետություն

Օտարերկրացիները* մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

Օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը ՀՀ, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետությունից ելքը

Oտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով: 

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը

ՀՀ տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:

Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ ՀՀ տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:

Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու ՀՀ տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: 

Մուտքի վիզայի երկարաձգումը

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը.

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ (.pdf)

 * - «Օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):

 

Կոնտակտային տվյալներ՝

Էլ-փոստ՝ visa@mfa.am 

ՀՀ մուտքի վիզաների հարցերով
Հեռ.` (+37460) 620516, 620616

Հրավերների հարցերով
Հեռ.` (+37460) 620516, 620683

Պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա պետությունների մուտքի վիզայի ստացման հարցերով
Հեռ.` (+37460) 620553

Տպել էջը